«Ճիշտն ասած՝ ես այդ հոդվածը տեսել եմ, և իմ մեկնաբանությունն այն է, որ երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ, որ հարկ չեմ վճարում այն պատճառով, որ իմ շրջանառությունը «իքս» գումարը չի գերազանցում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը իր «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ՝ անդրադառնալով դիտարկամանը, թե ինքը ԱՁ է բացել՝ միկրոտնտեսության ոլորտում է աշխատելու, և դա այն ֆոնին, երբ վարչապետն ասում է, որ հարկ վճարողները հերոսներ են, արդյոք հակասություն չէ՞:
«Այդ իմաստով շատ լավ է, որ մեր պետության մեջ միկրոտնտեսությունները արտոնյալ պայմաններով կարող են տնտեսություն վարել, ինչը նրա մասին է, որ միկրոն հնարավորություն ունի դառնալ միջին և մեծ: Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես զբաղվում եմ գեղանկարչությամբ, բայց պարբերաբար պրոցեսներ են լինում, որոնց պետությունն իր մեկնաբանությունը ունի, և կարիք կա այդ մեկնաբանության հետ լինել ներդաշնակ»,- ասաց Աշոտ Փաշինյանը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը իր աշխատանքները տեսե՞լ են, հավանո՞ւմ են, նա պատասխանեց. «Աշխատանքներ կան, որ տեսել են, աշխատանքներ կան՝ նոր են դեռ, չեն տեսել: Հիմնականում նաև մեր տանը կան իմ նկարներից, այն ժամանակ իմ արվեստանոցն այնտեղ էր»:
