Իշխանությունները պետք է պահեն միջազգային իրավունքը. Ամատունին՝ ԼՂ նախկին պաշտոնյաների հարցազրույցների մասին

Հայկական Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարող հանրային մեկնաբանություն տալ Ադրբեջանի բանտերում պահվող՝ ԼՂ նախկին ղեկավարության պաշտոնյաների հարցազրույցների վերաբերյալ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, աշխատելով տարածաշրջանում և մշտական երկխոսություն վարելով կողմերի հետ, ցանկացած հարց, որը վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքին և պաշտպանված անձանց իրավունքներին, ուղղում է կոնֆիդեցիալ երկխոսության շրջանակներում։ Բնականաբար, մտահոգությունները, որոնք մեզ մոտ առաջանում են այս կամ այն իրավիճակներում, քննարկում ենք ոչ հանրային հարթակում։ Այդ պատճառով նման իրավիճակում չենք կարող հանրային որևէ մեկնաբանություն տալ, բայց հետևում ենք նման իրավիճակներին և շարունակաբար մեր երկխոսության շրջանակներում հասցեագրում դրանք համապատասխան իշխանության ներկայացուցիչներին»,- պարզաբանեց նա։

Ըստ Ամատունու՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումն ու դրանով առաջնորդվելը առաջին հերթին իշխանությունների պարտավորությունն է․ «Մեր դերը այդտեղ հիշեցնելն է մեր կողմից իրականացվող գործունեության ընթացքում, որ շեշտը դնել միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանվածության հարցերին, որոնք վերաբերում են ոչ միայն ձերբակալված անձանց, այլ նաև անհետ կորած, նրանց ընտանիքներին, պահվող անձանց և այլն»։

Հիշեցնենք՝ ադրբեջանական AzTV-ն տեսանյութ է հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Ալիքը չի մանրամասնել հարցազրույցի բովանդակությունը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույց է վերցվել նաև Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից: Չի բացառվում, որ մյուսներից՝ ևս:

Կիսվել սոց․ ցանցերում