2023 թվականին հաստատված ծրագրով Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով: Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտ ամսից՝ Մոսկովյան փողոցից:
Այս տարի ծրագիրը առավել մեծ թափով կշարունակվի։
Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը նշել է, որ Երևանում ծառերի փոխարինումը ունի գիտական հիմքեր և միտված է մայրաքաղաքում դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանն ու շրջակա միջավայրի կայունացմանը:
«Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հատվող ծառերը փոխարինվելու են նորերով և որպես ապացույց կարող են դիտարկել նախորդ տարվա աշխատանքները»,- նշել է Խալաթյանն ու հավելել, որ այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել թե՛ բնակիչների, թե՛ քաղաքական ուժերի հետ՝ հաշվի առնելով բոլոր առաջարկներն ու մտահոգությունները:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ծառերի փոխարինումը կարող է ազդել քաղաքի կոլորիտի վրա, Խալաթյանը նշել է, որ փոխարինվում են թեղի մանրատերև տեսակի ծառերը, որոնք քաղաքի կոլորիտ չեն հանդիսանում:
Գարնանը նախատեսվող աշխատանքների արդյունքում հիմնականում կտնկվեն գնդաձև կատալպաներ, ալբիցիաներ, հուդայածառեր և սաֆորաներ:
