Հատուկ աշխատակիցները մտնելու են ավտոբուսներ և պահանջելու ցույց տալ կտրոնը. ինչպես է աշխատելու տոմսային համակարգը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համոզված է, որ Միասնական տոմսային համակարգին վերաբերող նախագծի ընդունումը արդարացված է, քանի որ փոխվել է ծառայության որակը, այժմ չկան նախկին «Երազ», «ՌԱՖ» մեքենաները, «Գազել»-ները: Այժմ ներդրվել են ավտոբուսներ, որոնք առավել հարմարավետ են։

«Այն կռացած վիճակները, որ քաղաքացիների մոտ կար, այլևս չկա, և մենք առաջիկայում ևս ձեռք ենք բերելու նոր ավտոբուսներ, և այն խցկվածությունը, որն այսօր կա, կվերանա։ Ուստի սա թանկացում չէ, որովհետև ծառայության որակը փոխվել է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցնում է նա:

Գալջյանը նկատում է, որ նախագծի ընդունման վերաբերյալ քաղաքացիների շրջանում դժգոհություններ չկան՝ բացի երկու նախկին պաշտոնյաների քաղաքական բեմադրություններից:

Ինչ վերաբերում է ավագանու ընդդիմադիր հատվածի այն հայտարարություններին, թե բողոքի ակցիաներ են սկսելու օգոստոս-սեպտեմբերին, երբ նախագիծն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, նա համոզմունք է հայտնում, որ այդ ակցիաներին քաղաքացիները չեն միանա, որովհետև նախքան դա արդեն բերված են լինելու նոր ավտոբուսները, և երևանցիները տեսնելու են աշխատանքային որակ ու ավտոբուսների հաճախականության բարելավում:

«Քաղաքացիները ձեռք կբերեն տոմսային համակարգը, որովհետև այլ տարբերակ չի լինելու։ Այս փաթեթը չի ենթադրում, որ անհամարժեք ծառայություններ են ստանալու։ Բացի դրանից՝ տոմսային համակարգի տրամաբանությունն այն է, որ քաղաքացին ինչքան շատ օգտվի, այդքան նրա համար մատչելի է դառնալու, այսինքն՝ չորս անգամ նստելուց ավելի քիչ է վճարելու, քան այսօրվա 100 դրամն է»,- նշում է զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ արդարացված չեն նաև այն քննադատությունները, թե ներկայիս աշխատավարձով և թոշակով հնարավոր չէ սահմանված գնային սահմաններում տրանսպորտից օգտվել։

Գալջյանը նաև նկատում է, որ այս որոշումը կնպաստի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ, ըստ նրա, եթե այժմ ֆինանսական միջոցների մեծ մասը ներդրվում է տրանսպորտի սուբսիդավորմանը, ապա սակագների վերանայումից հետո հնարավոր կլինի այդ ֆինանսական միջոցները ուղղել տվյալ անձանց աշխատավարձերի բարձրացմանը։

Հարցադրմանը՝ իսկ ինչպե՞ս է, ենթադրենք, թոշակառուն ձեռք բերելու սակագնային որևէ փաթեթներից մեկը, նա պարզաբանում է. «Երբ ասում ենք թոշակառու, պետք չէ միանգամից հասկանալ, որ անապահով խմբի ներկայացուցիչ է։ Մենք քննարկում ենք իրականացնում՝ հասկանալու համար, թե որ խմբերն են արտոնություն ստանալու. պետական կառույցներին ենք դիմելու խոցելի խմբերի մասին տեղեկատվություն ստանալու համար»:

ՔՊ խմբակցության ղեկավարը, սակայն, դեռ չի բացահայտում, թե արտոնություններն ինչպես են լինելու: Նա միայն վստահեցնում է, որ տոկոսային առումով ցածր կլինի:

Ըստ Գալջյանի՝ Միասնական տոմսային համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր անձ պետք է ունենա սահմանված քարտը, կամ վճարումը տերմինալով կատարի, որոնք այժմ տեղադրված են մի քանի նոր ավտոբուսներում։

Վերջինս չի բացառում, որ կարող են խարդախության դեպքեր լինել․ անձը առանց վճարելու ներս մտնի, սակայն, ըստ նրա, նման դեպքերը քիչ կլինեն:

«Ներս մտնելուց առաջ անձը ավտոբուսում տեղադրված սարքին պահելու է կտրոնը, եթե ձեռք է բերել փաթեթը տերմինալով, կարող է հեռախոսային հավելվածով էլ վճարել, որը տեղադրված է լինելու ավտոբուսներում։ Ստուգումները իրականացնելու են քաղաքապետարանի հատուկ աշխատակիցները, որոնք մտնելու են ներս և պահանջելու են ցույց տալ կտրոնները»,- մանրամասնում է նա:

Ինչ վերաբերում է առաջացող հնարավոր տեխնիկական խնդիրներին, ավագանու իշխող ուժերի ղեկավարը բացառում է, որ առաջանա այնպիսի խնդիր, որ խափանվի ամբողջ համակարգի աշխատանքը:

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում