Աղբանոցից և զուգարանից հետո՝ միջազգային խոհարարական դպրոց. փրկվում է Գյումրու պատմական ծածկած շուկան (լուսանկարներ)

Այս հսկա և մեծ ավերակը Գյումրու պատմական ծածկած շուկան է: Կամ այն, ինչը մնացել է երբեմնի բազմամարդ ու առատ շուկայից:

Տարածքը ոչ թե 88-ին է ավերվել, այլ հետագա տարիներին: Վերջնական քարուքանդը եղել է 2017 թվականի մարտից, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ շուկան ամբողջությամբ գնել է «Լենտեքս» ընկերության սեփականատեր Կարեն Գոմցյանը:

Վերջինս՝ որպես սեփականատեր, նախ տարածքից հեռացրել էր առևտրականներին, այնուհետև՝ քանդել ամբողջ շուկան:

Այդ բուռն աշխատանքները, սակայն, նույն ընթացքը չունեցան: Շինարարը հեռացավ, շուկայի մուտքերը կողպվեցին, տարածքը կարկատան-պարսպով փակ մնաց մինչև 2018 թվականը:

Նույն տարում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ տարածքը Գոմցյանը վաճառել է, գնորդն էլ «Թումո»-ն է: Նաև վստահ պնդեց՝ ինչ անելու են՝ իդեալական են անելու: Այս հայտարարությանը հետևած տարիներին, թեև փակ կամ կիսափակ, շուկայի տարածքը դարձավ մեծ աղբանոց և զուգարան՝ հիմնականում տարածքից դուրս առևտրով զբաղվողների համար:

6 տարի անց՝ տևական լռությունից հետո, «Թումո»-ն իսկապես աննախադեպ քայլով է ներկայանում: Հին շուկայի տարածքում ԵՄ աջակցությամբ իրականացվող երկարաժամկետ ծրագրի շրջանակում ստեղծվելու է կրթական, խոհարարական, տնտեսական և տուրիստական զարգացման բացառիկ կենտրոն:

Ինչո՞ւ 6 տարի պահանջվեց, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Թումո»-ի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասում է՝ ամեն ինչ սկսվեց հողը գնելուց:«Մենք գնել ենք տարածքը մասնավորից և խնդրել մեր գործընկերներին, որ կարողանանք գումար հայթայթել՝ ծրագիրն իրականանա: Նաև ֆրանսիական կողմի հետ համագործակցության քննարկումը երկար տևեց: Այնպես չէ, որ նախագիծը պատրաստ էր և երկար տևեց: Մենք նախագիծը սկսել ենք մշակել, տարբեր փուլեր է անցել: Հիմա, երբ որ ԵՄ-ն որոշեց մեզ տալ այդ գրանտը, և նաև մեր հավատարիմ գործընկերները որոշեցին ներդրում անել, արդեն պաշտոնապես հայտարարեցինք, որ մեր ծրագիրը կյանքի ենք կոչում»,- մանրամասնում է Բուդաղյանը:

Օրեր առաջ են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել համաձայնագիրը, որով Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 2.5 միլիոն եվրո կտրամադրի:

Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, մեծ այս նախագիծը կիրականացվի նաև Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Գյումրիի շուկա և խոհարարական դպրոց» ծրագիրը նպատակ ունի քաղաքը դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Այս ծրագրի իրականացմամբ Գյումրին կունենա կրթություն ապահովող խոհարարական դպրոց, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով «Թումո»-ն կհամագործակցի ֆրանսիական հեղինակավոր «Institut Lyfe» դպրոցի հետ, ավելին՝ երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Լիոնում՝«Institut Lyfe»-ում:

Այս ավերակներում կառուցվելիք դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն է ունենալու տարեկան 30 ուսանող: Նախատեսվում է, որ նրանց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

Վերակառուցման արդյունքում հին շուկան բացի այն, որ կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի և կունենա խոհարարական դպրոց, նաև տարածքում կտեղակայվեն կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար:

Կլինեն նաև առևտրի տաղավարներ՝ նախատեսված հենց տեղի առևտրականների համար, որոնք կկարողանան գործունեություն ծավալել ապահով և հիգիենիկ պայմաններում: Կգործեն ռեստորաններ, արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ, կառանձնացվի փառատոների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք:

Ըստ պատասխանատուի՝ շուտով կհայտարարվի կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացման միջազգային ճարտարապետական մրցույթը: Շինարարական աշխատանքները կսկսվեն դրանից անմիջապես հետո՝ մինչև 2024-ի ամառը։ Շուկայի և խոհարարական դպրոցի բացումը նախատեսված է 2026 թվականին։

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/282316

Կիսվել սոց․ ցանցերում