Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել առաքումը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը։
«Ես շարունակում է լրջորեն մտահոգված մնալ 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների հետ կապված։ Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային իրավասու մարմինների կողմից արված կոչերին, տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով»,- ասել է նա։
Միյատովիչը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդումները, նշում է, որ ԼՂ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի խնդրին։
«Համապատասխան դերակատարները պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած խիստ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից, և անվտանգ և ազատ անցում երաշխավորեն նրանց, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը: Ես հաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»,- նշել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։
