Ապրիլի 4-ին՝ Ժամը 08:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 67-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կիա» մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Կիա»-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է իր առջևով ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ «Կիա»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի փոխանցմամբ՝ պարեկներն ու քննչական բաժինը կարճ ժամանակում հայտնաբերել են վթարից հետո դեպքի վայրը լքած «Կիա»-ի վարորդին, որը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, և բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը մեքենայով ներկայացել է դեպքի վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարելու ժամանակ «Միցուբիշի»-ի վարորդի ինքնազգացողության վատացումը:
