«Մարտը աչքի ընկավ մթնոլորտի բավականին ակտիվ շրջանառությամբ և, ի տարբերություն 2023 թվականի մարտի, մեզ մոտ հաճախ էին հյուսիսային լայնություններից թափանցող ցուրտ օդային հոսանքները, ինչի արդյունքում մարտի 27-29-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության հովտային շրջաններում գիշերային ժամերին ունեցանք բացասական ջերմաստիճան»:
Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի լույս 28-ի գիշերը հասավ մինչև 1 աստիճան ցրտի, բայց դրանց շատ կարճ տևողությունը և փոքր ցուցանիշները ցրտահարության հետևանքներ չառաջացրեցին»,- նշեց նա:
Անդրադառնալով ապրիլ ամսվա կանխատեսումներին՝ Սուրենյանը նկատեց՝ ապրիլին կանխատեսվում է նորմայից 2-3 աստիճանով բարձր օդի ջերմաստիճան, տեղումների քանակը՝ նորմային մոտ, առանձին հատվածներում՝ նաև մի փոքր ավելին:
«Իսկ ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա այսօրվանից՝ ապրիլի 5-ից սկսած՝ հանրապետությունում կայուն եղանակային ռեժիմը կավարտվի: Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունը արդեն կզգանք այսօր երեկոյան, և առաջիկա 5 օրերին պարբերաբար մեր երկիրը գտնվելու է այդ ցիկլոնի գոտում: Շրջանների մեծ մասում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճ անձրևներ: Ծովի մակերևույթի՝ մինչև 2000 մետր բարձրությունների վրա գտնվող բնակավայրերում տեղումները կլինեն անձրևի տեսքով, իսկ 2000 մետր բարձրությունից վեր՝ թաց ձյան և ձյան տեսքով»,- նշեց Սուրենյանը:
