Քեռու կնոջ «պադիե՞զդն» է՝ ով ուզի, մտնի. քաղաքագետը չի բացառում, որ ԼՂ նախագահն է իր նստավայրի վրա հարձակում կազմակերպել

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ԼՂ նախագահի նստավայրի վրա հարձակումը ԼՂ իշխանության անզորության հետևանք է: Նա, սակայն, չի բացառում, որ այն հենց Հարությունյանը կազմակերպած լինի:

«Արցախի նախագահը պիտի իմանա մեկ բան՝ նախագահի նստավայրը նախագահի ինստիտուտն է, կարո՞ղ է իր քեռու կնոջ պադիեզդն է, որ ով ուզենա, գնա մտնի: Էդ նախագահի նստավայրը պաշտպանված չԷ՞, ինչ-որ երկու հարբեցող կարող են գալ, մտնել ու կրակել, կարո՞ղ է ինքն է կազմակերպել. հեղինակություն չունի ու դրանով իր հեղինակությունը բարձրացնելու վրա է աշխատում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միաժամանակ Սուքիասյանը մատնանշում է, թե զուգահեռաբար ինչ են անում ռուսները:

«Արտամղում են ժողովրդին ԼՂ-ից, բերում Հայաստան, ձեռքի հետ էլ թրաֆիկինգով են զբաղված: ՌԴ-ի շարասյան միջոցով տեղափոխվող մարդկանց Ադրբեջանը գողանում է, ՌԴ-ն ո՞վ է այդտեղ, ինչի՞ է ներկա, որպեսզի սպասարկի մարդավաճառությունը, դա իրենց բնորոշ է, նրանք միջազգային հանցագործ են»,- ասում է նա:

Քաղաքագետի կարծիքով՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂ-ն պիտի «բնավորություն» ցույց տան. ՌԴ-ն պետք է չափավորվի. «Որովհետև ով ինչ ասես, ուզում է մեզնից, մեկը միջանցք է ուզում, մեկը՝ պատուհան, մյուսը մարդ է գողանում: Ի՞նչ վիճակ է սա: Սա նշանակում է, որ մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, գետնատարած վիճակում ենք»:

Սուքիասյանը նաև նկատում է, որ ՀՀ-ում ցույցեր ու ցնցումներ առաջացնելու վտանգավոր միտում կա:

«Ռևանշիզմը հայտարարել է, որ ամսի 2-ից սկսելու է փողոցային ցույցերը: Կա օդում կախված բոլշևիկյան քվե, որի անունը «Հայաքվե» է, որը 58 հազար մարդ է մոբիլիզացրել, որոնց մի մասը, կարծում եմ, դուրս է գալու փողոց: Սրանք միավորվելու են և՝ «մարդ են գողանում», «Արցախում այս ինչ վիճակ է», «բլոկադան շարունակվում է» և նման ձևական թեզերը վերցնելու են ու գնան հեղաշրջման փորձի: Իշխանափոխությունն իրենց երազանքն է, բայց դա գլխավոր նպատակը չէ՝ իշխանափոխություն՝ Հայաստանի անձնատվությամբ ՌԴ-ի ոտքերի տակ, իրենք ՌԴ-ի հրամանն են կատարում»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով. «Եթե Հայաստանում հեղաշրջում եղավ, ՀՀ-ն 4 օր հետո հանձնվելու է Ռուսաստանին: Առաջին հանրապետությունը այս հանրապետությունից մեծ է եղել տարածքով՝ 71 հազար քառակուսի կիլոմետր, որը հայ բոլշևիկները հանձնել են ԽՍՀՄ-ին, և հիմա նույն ֆունկցիան սրանք են անում»:

Քաղաքագետի խոսքով՝ դեմոկրատիան ամենաթողությունը չէ. պետության մեջ կարգուկանոն պիտի լինի, և «ռևանշիզմ»-ը Հայաստան իրավական պետության ամբողջ ծանրությունն իր ծոծրակին պիտի զգա:

«Ովքեր են, որ շահագրգռված են Արցախի հանձնումով, որքան էլ, որ իրենց վրա գրել են «Արցախ», «Արևմտյան Հայաստան» կամ «Նախիջևան»: Դա այն հատվածն է, ովքեր ՀՀ-ի կյանքը վերածել են աղետի, ովքեր մի ամբողջ պետություն ու ժողովուրդ հանձնել են մի բևեռի՝ ՌԴ-ի ոտքերի տակ, որն այսօր գործարքի է գնացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ովքեր մեր ժողովրդին, պետությունը մատնել արտագաղթի, սովամահության, անարդարության, աղքատության. Հայաստանի կողոպտված անցյալի ներկայացուցիչներն են իրենց պարագլուխներով, ղարաբաղյան կլանը, նաև ղարաբաղյան կլանի երևանյան մասնաճյուղը: Ինչո՞ւ են իրենք պետությունը կողոպտել, իհարկե, որկրամոլության դրդմամբ, բայց նաև ֆունկցիա են կատարել, որպեսզի ՀՀ-ն պոտենցիալ չունենա Ադրբեջանի ագրեսիայի դեմ կանգնելու: Սա մտածված են արել, և հիմա այդ հատվածը փողոց է ցնցում»,- ասում է քաղաքագետը:

Կրկին անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ Սուքիասյանն ասում է, որ Արայիկ Հարությունյանը պետության մեջ կարգուկանոն պետք է հաստատի:

«Այնտեղ կա գեներալ, որը եզակի մարդ է, որ Արցախի համար փրկություն է բերել՝ Սամվել Բաբայանը: Հիմա հարց Արցախի նախագահին. լավ է, վատ է, դուրներդ գալիս է, թե ոչ, այդ մարդն առաջարկ ունի և Արցախի գեներալներից է, ինչո՞ւ չեք նշանակում որևէ պաշտոնի. ղարաբաղյան կլա՞նը թույլ չի տալիս: Էդ մարդուն նշանակեք պաշտոնի և ուղարկեք բանակցությունների, իսկ Հայաստանն իր մասով աշխատում է: Արցախի իշխանությունները ՌԴ-ին նոտա պիտի հայտնեն, գոնե դժգոհություն, գոնե մի քիչ նեղացվածություն ցույց տան, որ արտաքին աշխարհը տեսնի՝ ապրելու ձգտում ունեն»,- նկատում է նա:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ ՌԴ-ն տարածաշրջանից, այսպես ասած, «թաթը չի քաշելու» և հայկական կողմի վզին է փաթաթել «Լավրովյան պլան»-ը, որը, ըստ Սուքիասյանի, իրականում ԼՂ-ն բնաջնջելու պլան է:

«Լավրովն ինքը Արցախի գոյությունն այլևս չի ընդունում, բացահայտ հայտարարում է՝ դուք փոքրամասնություն եք, ինչպես որ 4 ուզբեկ կա Ադրբեջանում, փոքրամասնություն է, դուք էլ այդ ձև եք, և սա Ռուսաստան է (-խմբ. նկատի ունի ԼՂ-ն): Արցախը գոնե այս հարցերով զբաղվի, ներքին գզվռտոց, գիշեր-ցերեկ պայքարել, թե ով ավելի շուտ կպառկի ռուսի ոտքի տակ, այլանդակություններ և այլն է անում»,- նշում է Սուքիասյանը:

Կիսվել սոց․ ցանցերում