Ստրասբուրգում ԵԽ նախարարական կոմիտեի հավաքի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ: Հայաստանի ԱԳՆ տարածած տեղեկության համաձայն, քննարկվել են թե երկկողմ, թե միջազգային հարցեր, Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացի վիճակը: Խոսքը թերեւս վերաբերել է Ալմաթիում մայիսի 10-11-ին տեղի ունեցած հանդիպումներին՝ Միրզոյան-Բայրամով ձեւաչափով, որ կայացավ Ղազախստանի նախաձեռնությամբ:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Բերբոքը դարձյալ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատմական հնարավորության մասին, նշելով, որ Բեռլինը պատրաստակամ է աջակցել խաղաղ գործընթացին: Բերբոքը, ըստ գերմանական կողմի, ասել է, որ «ներկայում չափազանց կարեւոր է շարունակել երկխոսությունը»: Փետրվարին Մյունխենի անվտանգության վեհաժողովում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում՝ տեւական դադարից հետո, որը անցկացրեց Գերմանիայի կանցլեր Շոլցը:
Դրա ընթացքում ձեռք բերվեց Բեռլինում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն, որը տեղի ունեցավ կարճ ժամանակ անց եւ տեւեց երկու օր: Դրանից հետո սակայն բեռլինյան գործընթացը չունեցավ շարունակություն, անգամ խոսակցության մակարդակում, եւ փոխարենն ի հայտ եկավ Ալմաթիի վերաբերյալ Ղազախստանի նախաձեռնությունը: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան հայտարարեց, որ Ալմաթիում քննարկումը եղել է ՌԴ, Հայաստան, Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների հունով: Սա նշանակում է, որ քննարկումւ «շեղված» է եղել բեռլինյան գործընթացի հունից:
Դժվար է պատկերացնել, որ Բեռլինում քննարկումները եղել են նույն եռակողմի հունով: Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյոք Արարատ Միրզոյանը Բերբոքի հետ հանդիպել է «շեղման» աստիճանը ներկայացնելու, կամ բացատրելու, պարզաբանելու համար: Բայց, գերմանիային «հուզու՞մ» է այդ հնարավոր շեղումը, թե՞ Բեռլինն անգամ կարող է լինել ուրախ, որ Ղազախստանը Ալմաթիով «հեռացրեց» իրենից մի գործընթաց, որը բոլորովին գերմանական ներկայից ուժերի շրջանակում չէ: Հավանաբար դրանով է պայմանավորված, որ Գերմանիայի արտգործնախարարը ասել է, թե կարեւոր է շարունակել երկխոսությունը, որի տողատակում կարդացվում է՝ «կարեւոր չէ, թե որտեղ այն կշարունակվի»: Գերմանիան ըստ ամենայնի վստահ է, որ փակուղին՝ Ադրբեջանի առավելապաշտության պատճառով, ամեն տեղ է փակուղի, եւ հետեւաբար որքան հեռու իրենց պատասխանատվությունից, այնքան՝ լավ:
