ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց՝ դիտարկումները ցույց են տալիս, որ գյուղերից մարդկանց տեղափոխվելու պատճառն այն է, որ մտածում են՝ իրենց երեխաները չունեն լավ կրթության հնարավորություն:
«Այն, ինչ մենք առաջարկում ենք, նշանակում է, որ իրենք կարող են մնալ, շարունակել բնակվել իրենց տներում և իրենց երեխաները կունենան նույն որակի կրթություն, որը իրենք փորձում են ապահովել՝ տեղափոխվելով մոտակա քաղաքներ: Բոլորն իրենց շրջապատում տեսնում են՝ ինչպես են մարդիկ իրենց երեխաների դպրոցական տարիքը մոտենալուն պես տեղափոխվում մոտակա բնակավայր, որպեսզի կարողանան երեխաներին իրենց պատկերացրած ավելի լավ կրթությանը հասանելի դարձնել»,- նկատեց Անդրեասյանը:
Այս համատեքստում նա բերեց օրինակ. «Վերջերս առիթ ունեցա խոսելու մի դպրոցի ներկայացուցչի հետ, որտեղ մինչև 10 երեխա էր սովորում: Եվ այդ դպրոցի աշխատակիցն ասում էր, որ երեխաները զրկված են բոլոր հնարավորություններից, որ ուրիշ դպրոցներում կա, ասում էր՝ այդ երեխաները անգամ դասից չեն փախչում, որովհետև ուրիշ ոչինչ չկա անելու, որևէ տեղ չկա գնալու և զբաղմունք չկա, որը կարող է զարգացման հնարավորություն տալ»:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն կատակեց՝ տիկին Անդրեասյան, երեխաները սկսելու են զանգվածային փախչել դասերից. «Մենք չենք խրախուսում, չէ՞, դա, վաղը բոլորը փախչելու են միաժամանակ»:
Վարչապետը նաև նշեց, որ ոչ մի տեղ դպրոց չի փակվում, բոլոր տեղերում կառուցվում է:
