ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից խիստ նեղսրտել է և այսօրվա ճեպազրույցի ժամանակ խորհուրդ տվել նշել երկրները, որոնք իբր «օգնության իմիտացիա» են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։
«Միանգամայն տրամաբանական կլինի բարձրաձայնել այդ երկրների անունները, եթե մենք խոսում ենք նման լուրջ հայտարարությունների մասին, բայց եկեք դա թողնենք պաշտոնական Երևանի վրա»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը «լքված ու մոռացված չզգա»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում հակամարտության առաջին իսկ օրերից Մոսկվան ամենաակտիվ քաղաքական և դիվանագիտական ջանքերն է գործադրել հրադադարի համար։
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱՊԿ երկու երկրի մեղադրել էր 2020 թվականին Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու համար։ Նրա խոսքով՝ երկու երկրները զբաղվել են երկրին «իմիտացիոն աջակցությամբ»։
