Առասպելական մտածողության մասին
Ըստ ազգի և ազգայնականության տեսաբանների՝ ազգի պատմությունը միշտ ընդունում է պատումի տեսք՝ նրան հաղորդելով սյուժետային կապակցվածություն: Ազգերն իրենց գոյությամբ կախված են գեղարվեստական հորինվածքներից, և եվրոպական ազգայնականության առաջացումը համընկնում է վեպի հետ: Որպես ժողովուրդ ստեղծող արդիական միջոց՝ վեպը փոխարինում է և դուրս մղում (մինչարդիական) էպոսին: Բացի այդ, սեփական միասնականությունը ընկալելու և պահպանելու համար ժողովուրդները կարիք ունեին մշակութային արտահայտության-հաղորդակցության միջոցների, և 19-րդ դարում վեպերը և լրագրերը խաղում էին այդ դերը: Հիշենք Մ. Նալբանդյանի միտքը Խ. Աբովյանի վեպի մասին. «Անիրավություն կը լինի չընդունել այդ գրքի խորին արժանավորությունը, և որ է պատկերացնել ազգի կյանքը նույնիսկ ազգի առջև»:
Իհարկե, անհրաժեշտ է ավելացնել մի սկզբունքային պայման: Դա ժողովրդի գրագիտության մակարդակն է, առանց որի թե վեպը, թե լրագրերը մատչելի կլինենին միայն բավական նեղ շրջանակի, և, որքան ես եմ հասկանում, արևելահայության դեպքում մինչև խորհրդային շրջանը, նման բան՝ քիչ թե շատ տարածված գրագիտություն և այսպես կոչված «ընթերցող հանրություն», չկար: Ուրեմն Աբովյանի վեպի՝ Նալբանդյանի նկարագրած առաքելությունը պետք է համարել անիրագործելի առնվազն 19-րդ դարի ընթացքում:
Ավելին՝ արևելահայության-խորհրդահայության դեպքում տեղի է ունենում երկու ճակատագրական շեղում: Առաջինն այն է, որ հայ ժողովրդական էպոսը՝ «Սասունցի Դավիթը» հայտնաբերվում է Աբովյանի վեպից տասնամյակներ անց, այսինքն ճիշտ հակառակ նրա, ինչ կատարվել էր եվրոպական հասարակություններում: Իսկ որպես ազգային էպես այն ճանաչվում և մասսայականացվում է 1930-ականների վերջին: Երկրորդ՝ հենց այդ շրջանում, ստալինյան ազգային քաղաքականության արդյունքում, խորհրդային ժողովուրդները հավասարեցվում և սահմանվում են իրենց բանահյուսական ավանդույթի մակարդակում, որտեղ կենտրոնական դեր էր վերապահված հենց էպոսին:
Այդ ժամանակից ի վեր «Սասունցի Դավիթը» խորհրդահայ մշակույթի կենտրոնում է, համարվում է բարձրագույն մշակութային նվաճում, ապա և հայ ժողովրդդի «էության արտահայտություն»: Մի ժողովրդի, որն ուներ ավելի քան մեկուկես հազարամյակի գրավոր մշակույթ և հավակնում էր լինել արդիական մշակույթով, ժամանակակից գիտությամբ, արդյունաբերությամբ ու տեխնոլոգիաներով երկիր: Ահա բովանդակության ու գեղարվեստական ձևի լիակատար անհամապատասխանություն, իսկական ժիզոֆրենիա, որ ամենայն հավանականությամբ պահպանվում է մինչև օրս:
Նկատենք, օրինակ, որ «Մոսֆիլմը» ներկայացնում էր Մուխինայի՝ սոցիալիստական շինարարությունը խորհրդանշող հայտնի արձանը, մինչդեռ «Հայֆիլմը»՝ Սասունցի Դավթի արձանը: Ճիշտ համաձայն խորհրդային ընդունված բանաձևի ՝ արդիականը սոցիալիստական է, իսկ ավանդականը՝ ազգային:
Դավթի արձանը տասնամյակներ շարունակ նաև Երևանի հիմնական խորհրդանիշն էր և եթե հիմա այդպես չէ և նրա տեղը գրավել է, ասենք, Կասկադը, պատճառն այն չէ, որ առասպելական մտածողությունը հաղթահարվել է: Ոչ, այն իր տեղում է, ուղղակի առաջին պլան է մղվել սպառողականությունը:
