Գնել ենք մոտ 500 անձրևապաշտպան՝ հատը 450 ռուբլի․ բլոգեր Միկա Բադալյանը հորդորում է այսօրվա հանրահավաքի մասնակիցներին չվախենալ անձրևից ու փրկել Հայաստանը

Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մեր հայրենակիցներից շատերը մասնակցում են «Գալստանյան շարժման» փողոցային միջոցառումներին և իրենց ներկայությամբ, փաստորեն, մարդաքանակ ապահովում միտինգների ժամանակ։  Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ civic.am-ի  տեսախցիկը ֆիքսել և զրուցել էր միտինգին մասնակից  արցախցիներից մի քանիսի հետ։

«Ոսկեպարով վերադառնալու ենք Արցախ, առանց Արցախ ես խեղդվում եմ, բայց չեմ ուզում խեղդել»,-օրերս հայտարարել  էր Գալստանյանը, այսիսով, փաստորեն, տաքացնելով արցախահայության սիրտը,  բայց թե ինչպե՞ս, ճանապարհային ի՞նչ քարտեզով  և ամենակարևորը՝ ե՞րբ է պատրաստվում վերադառնալ Տավուշի թեմի առաջնորդը՝  հետն էլ տանելու իրեն հավատաղոց արցախահայությանը, թերևս, միայն Աստծուն է հայտնի։  Աստծո անունից խոսող մարդը, սակայն, այս պահին չի կարող բացահայտել Աստծո պլանները, հետևապես զբաղված է կեղծ մարգարեություն անելով։

Արդեն իսկ հայտնի է, որ Բագրատ Գալստանյանը հանդիպել է ԼՂ ԱԺ պատգամավորների և տեղի իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, որոնցից շատերը, մասնավորապես՝ ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, վարչապետի ընտանիքի հասցեին նողկալի ելույթով հայտնի դարձած  Նելա Գրիգորյանը և շատ այլ պատգամավորներ հրապարակավ հայտարարել են իրենց աջակցության մասին։  Շարժմանը, հիշեցնենք, սատարում է և միացել է  նաև ԼՂՀ նախկին ԱԽՔ  Վիտալի Բալասանյանի «գրասենյակը», մեկ այլ նախկին  ԱԽՔ՝  Արշավիր Ղարամյանը և այլք։  ԼՂՀ նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում խրոխտ կոչ է արել․ «Ես մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին մասնակցելու եմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ:  Հորդորում եմ իշխանությունների վարած քաղաքականությունը չընդունող բոլոր անձանց ևս մասնակցել հավաքին:

Ի գիտություն շարժմանն արցախցիների մասնակցությունը շահարկող անձանց՝ մենք բոլոր իրավունքներն ունենք մասնակցելու ՀՀ քաղաքական գործընթացներին։ ․․․Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ՝ մենք հետևում ենք մեր հոգևոր հայրերի առաջնորդությանը: Մենք շարունակում ենք կրել ՀՀ անձնագիր, որը մինչև 2023թ. հոկտեմբերը մեզ փաստացի տալիս էր ՀՀ քաղաքացու ամբողջական կարգավիճակ, իսկ հիմա արհեստականորեն իջեցվել է մեր կարգավիճակի նշաձողը»,-մասնավորապես գրել է ԼՂ նախկին ՄԻՊ-ը, որը, ժամանակ առաջ նաև «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման» նախաձեռնությամբ է հանդես եկել, մի քանի ամիս առաջ էլ այս նախաձեռնությունն էր սակավամարդ միտինգ հրավիրել Երևանում։

Հարկ է ընդգծել, որ «սրբազան» կոչող  ավանտյուրային ակտիվ աջակցում, դրա կազմակերպած ակցիաներին մասնակցում, ավելին՝ մասնակցության ապացույց լուսանկարներով կիսվում է  «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ նախագահ Սարո Սարոյանը (որը, ինչպես նախքան ԼՂՀ-ի լուծարումն ու հանձնումը  մեզ հետ «օֆ ռեքորդ» զրույցում նշել էր ԼՂՀ քաղհասարակության ներկայացուցիչներից մեկը՝ հայտնի է որպես «մոլի պուտինիստ») ֆեյսբուքյան իր էջում զբաղվում է շարժման  քարոզչական աշխատանքով։ Փաստորեն, Սարոյանն իր  հիմնական առաքելությունն  այժմ համարում է ոչ թե փախստականների կարիքներին առնչվող հարցերին հետամուտ լինելը, նրանց իրավունքների, եթե կուզեք՝ ԼՂՀ վերադառնալու օրակարգով խորհրդաժողովներ, միտինգներ և այլ մասսայական ակցիաներ կազմակերպելը (որպես ԼՂՀ-ից բռնի տեղահանված նա ազատ է այդպիսի օրակարգով մջոցառումներ կազմակերպելու հարցում),  նրանց հորդորում է, որ մասնակցեն ՀՀ իշխանության տապալման օրակարգով միտինգներին՝ մարդաքանակ ապահովելու։

Ուշագրավ է, որ Սարոյանը ռուսախոս, բայց հայկական ազգանունով հայտնի բլոգեր, ՌԴ-ից հրահանգավորվող  և նախկինում  տեղի ունեցած բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Միկա Բադալյանի տելեգրամյան էջի հետևորդ որպես  ֆեյսբուքյան իր էջում կիսվում է Բադալյանի գրառում-ցուցումներով։  Այսօր տեղի ունենալիք հանրահավաքին ընդառաջ իր ֆեյսբուքյան էջում Սարոյանը (Բադալյանին հղումով) զետեղել է 1988-ի արցախյան շարժման կադրերից մեկը, որտեղ երևում է ձյան շերտով ծածկված, հրապարակում հավաքված  բազմություն, որին կից ռուսերենով գրված է՝ «Նրանք կանգնել են, նրանք կանգնած են մնացել  ցրտին և ձյան տակ, նրանք հաղթել են։ Քեզ անձրևը կկանգնեցի՞ , թե դու իսկապես պատրաստ ես փրկել Հայաստանն  ու հայ ազգը։ Վաղը, ժամը 16-ին, Հանրապետության հրապարակ»։  ՀԿ-ի ղարաբաղցի ղեկավարը կիսվել է նաև Մ․ Բադալյանի տելեգրամյան ալիքի հղումով, որտեղ մեր ռուսաստանցի բարեկամը  խոստանում է միտինգի մասնակիցներին անձևանոցներով ու անձրևապաշտպան բաճկոններով   ապահովել։ «ևս մեկ անգամ խնդրում եմ բոլորին իրենց հետ վերցնել անձրևանոցներ և անձրևապաշտպանիչներ։ Մենք էլ մեր կողմից կաշխատենք գնել որքան հնարավոր է շատ մարդկանց համար անձրևապաշտպանիչներ։ Այս պահին մենք արդեն իսկ ունենք 100 անձրևապաշտպանիչ գնելու բյուջե՝ յուրաքանչյուրը 450 ռուբլի արժողությամբ, վաղավա համար արդեն իսկ մի կողմ է դրված 500 հատ։ Այո, սա կաթիլ է ծովում, բայց ես հույս ունեմ, որ այս խնդրի լուծմամբ կզբաղվենք ոչ միայն մենք»։
Փաստորեն,  բլոգեր Միկան, սրբազանն ու նրանց կառավարիչներն ու հորդորիչները որոշել են վաղվա «վճռական» միտինգից առաջ «դուխ  տալ»  սրբազան պայքրաի «հոտին», որ չվախենա անձրևից, թրջելուց,   գա հրապարակ ու իսկականից փրկի հայ ազգին ու Հայաստանը։ Ի դեպ, հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսին Միկա Բադալյանը հանդիպել էր Ամենայն այոց Կաթողիկոսին, ապաև՝ հանդիպման մանրամասներով կիսվել։ Կաթողիկոսը, ըստ Բադալյանի, հասկանում է, որ «կա միայն վերջին  կրակոցի հնարավորություն և ոչ մի դեպքում չի պատրաստվում փուստ կրակել։ Կա ըմբռնում, որ պետք է անպայման, առանց այլընտրանքի  լինի պայքար, պայքար, որը կսկսվի շուտով։ Միակ ուժը, որը կարող է համախմբել հայերին և փոխել իրավիճակը, դա եկեղեցին է։ Ես դրանում այժմ ավելի քան համոզված եմ»,-նշել էր կտրիճ Միկան։

Հ․Մ․

Կիսվել սոց․ ցանցերում