Բրազիլիայի նախագահը պաշտոնապես հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պաշտոնապես հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Ֆեդերիկա Մեյերին։

Թել Ավիվում Բրազիլիայի դեսպանատան ղեկավարումը և մյուս գործառույթները կստանձնի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆաբիու Ֆարիասը: Սրանով Բրազիլիան որոշել է իջեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Երկիրն առայժմ մտադիր չէ նոր դեսպան նշանակել:

Բրազիլիայի արտգործնախարարությունն, արձագանքելով Մեյերին պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարելու վերաբերյալ Իսրայելի ԱԳՆ որոշմանը, դեռ երեք ամիս առաջ էր հետ կանչել իր դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այն ժամանակ այդ որոշումը, ինչպես նշում էր բրազիլական կողմը, չէր ազդում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի վրա։

Մայիսի 24-ին Մեյերը վերադարձել էր Իսրայել, սակայն հիմա կտեղափոխվի Ժնև՝ նոր աշխատանքի։

Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում ծավալվող իրադարձությունները Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն որակելու մասին Բրազիլիայի նախագահի հայտարարությունից հետո: Իսրայելը կտրուկ արձագանքել էր այդ հայտարարությանը: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր, որ Բրազիլիայի նախագահը «հատել է կարմիր գիծը»։

Կիսվել սոց․ ցանցերում