Երևանի կենտրոնում տեղի է ունեցել սարսափազդու հանցագործություն

Երևանի կենտրոնում տեղի է ունեցել սարսափազդու հանցագործություն․ ըստ ԶԼՄ-ների՝ Բաղրամյան պողոտայում սպանվել է 29-ամյա նշանված երիտասարդ։ Սպանվել է ըստ մամուլի և ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան խնդիրներ ունեցող ու հոգեբուժարանում հաշվառված մեկ այլ քաղաքացու կողմից, դանակով։ Շատերը արդարացիորեն հարց են տալիս՝ ի՞նչ գործ ունի հոգեկան խնդիրներ ունեցողը ազատության մեջ։ Հարցը միանգամայն լեգիտիմ է, թեպետ պետք է ընդունել, որ շատ մարդկանց մոտ հոգեկան բնույթի խանգարումները կամ շիզոֆրենիան կարող են այն աստիճան խորը չլինել, որ նրա հարազատները մտահոգ լինեն կամ մտածեն նրան հոգեկան առողջության որևէ կենտրոն տեղափոխելու կամ հասարակությունից մեկուսացնելու հարցով։ Դա միայն կարող է վաղ շրջանում բացահայտել պետության առողջապահական մոնիթորինգի մեխանիզմը, որը չկա, որպեսզի նման մարդիկ տհաճ անակնկալ չմատուցեն ոչ հասարակությանը, ոչ իրենց հարազատներին։

Բայց վերջերս ինքս հայտնաբերեցի մի մտահոգիչ խնդիր։ Ծանոթներից մեկը խնդրել էր միջնորդել նման մի հիվանդի հոգեկան առողջության որևէ կենտրոնում տեղավորելու համար, քանի որ իրենք մերժում էին ստացել, իսկ տվյալ անձն այլևս տանը և շենքում համակեցության խնդիրներ էր առաջացնում։ Իմ պրպտումների արդյունքում ցավալիորեն վեր հառնեց խնդիրը՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության իրավասության ոլորտում գտնվող այդ հաստատությունների համար հերթերն ու գրանցումները /որը կատարվում է էլեկտրոնային եղանակով/ այնքան շատ են, որ թեթև աստիճան ունեցողները դեռևս պետք է սպասեն, քանի որ անգամ ծանր հիվանդներին չեն կարողանում տեղավորել նման կենտրոններում։ Ասել է թե՝ պետական ենթակառուցվածքները, ռեսուրսներն ու կարողություններն անհամաչափ են այդպիսի հիվանդներին իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ մատուցելու առումով։ Հետևաբար, հարց է ծագում՝ ի՞նչ և ինչի՞ է սպասում պետությունը, երբ մարդիկ կաշկանդված են այս կարգի խնդիրները հանրայնացնելու առումով /շատ հասկանալի հանրային կարծրատիպերի պատճառով/, իսկ պետության միջին օղակներն էլ առնվազն քաջատեղյակ են պրոբլեմից, բայց չեն բարձրաձայնում կամ լուծում տալիս։

Արդյո՞ք չպետք է կանգ առնել ու ամբախ-զամբախ, պոպուլիստական ծրագրերի, բյուջետային միջոցների լայքաբեր ու «քվեաբեր» վատնումների փոխարեն ստեղծել այդ կարողությունները, անհրաժեշտ քանակի ու անձնակազմով այդպիսի կենտրոններ, ներդնել նման հիվանդների մոնիթորինգի արդյունավետ ծրագրեր, հետևել նրանց վարքի փոփոխություններին, որպեսզի և՛ նման ողբերգություններ չլինեն, և՛ նաև հիվանդների հարազատները չտառապեն անելանելիության պատերին բախվելով․․․

Կիսվել սոց․ ցանցերում