ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն Ազգային ժողովում՝ Կառավարության բյուջեի քննարկման ժամանակ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց պետհայտարարագրման վերաբերյալ։
«Ինձ դիմել են քաղաքացիներ, որոնք երկրում չեն ու բավականին երկար ժամանակ էլ՝ երկրում չեն լինի, բայց ընկերությունում հիմնադիր են։ Հիմա կա՞ կարգավորում, որ իրենք չվերադառնան այստեղ, նույնականացման քարտ հանեն, այլ այդ կարգավորումները անեն հեռախոսով։ Սա օրենսդրական բա՞ց է»։
Բադասյանը, նկատելով, որ բարձրացված հարցը կարևոր է, տեղեկացրեց՝ նման գործընթացը կախված է նրանից՝ այդ քաղաքացիները ՀՀ քաղաքացի՞ են, թե՞ ոչ․ ««Քոսային» համակարգ է կոչվում, դա պարզաբանվել է ավելի վաղ, թե ինչ է, դրա միջոցով կարող են ներկայացնել հայտարարագիր, բայց եթե քաղաքացի են ու ՀՀ-ում չեն, չունեն նույնականացման քարտ, մենք չենք կիրառի վարչական տուգանք կամ այլ հետևանքներ։ Երբ արդեն իրենք Հայաստանում կլինեն, քարտ կհանեն՝ բջջային քարտի միջոցով համակարգ մուտք գործելով, կամ ավանդական համակարգով կներկայացնեն առաջին հայտարարագիրը»։
Նրա խոսքով՝ քանի որ քաղաքացիներից շատերն այդ հարցերը թողել են վերջին պահին, ուստի երկարաձգվել է հայտարարագրերի ժամկետը, որպեսզի հնարավոր լինի լուծել նույնականացման քարտի հետ կապված հարցերը։
Մանավազյանն արձագանքելով ասաց․ «Այսինքն՝ լիազորագիր տրամադրելու մեթոդ պետք չէ՞։ Վարչական տույժերը ևս չեն կիրառվում, երբ կլինեն Հայաստանում, այդ ժամանակ էլ կարո՞ղ են դիմել»։
ՊԵկ նախագահը պարզաբանեց, որ առաջին անգամվա դեպքում վարչական տույժերը չեն կիրառվի․ «Լիազորագրի հնարավորություն կլինի, բայց մեզ համար սկզբունքային է, որ անձը մեկ անգամ նույնականացվի, առաջնային է, որ հարաբերվի պետության հետ։ Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի պետության հետ շփման էլեկտրոնային հարթակ պետք է ունենա»։
