«Եթե այդ 400 հոգու մեջ ՔՊ-ի բարեկամներն ու հարազատներն են, բա՞ էլ ընդդիմադիր մարդ չկա էս երկրում, եթե էդ եղածն էլ արդյունքում պարզվի, որ մեր բարեկամներն ու հարազատներն են, կներեք էլի, լուրջ չի»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին, թե ասում են՝ ՔՊ-ի բազմաթիվ հարազատներ մասնակցում են շարժմանը, սպասում են, որ ճնշումները մեծանան:
«Մի քանի օր էլ ասում էին՝ ՔՊ-ից 3 պատգամավոր է իրենց միացել, ո՞ւր են այդ պատգամավորները, թե էլի կուտ էր տալիս: Մարդկանց հավաքել են, այդ փոքրաքանակ, բայց հարգարժան քաղաքացիներին հավաքել են, ասում են՝ հայտարարության նախագիծը կլինի, լո՞ւրջ եք ասում, համազգային էին անվանում շարժումը, ու դրա կուլմինացիան պիտի լիներ հայտարարության նախագիծը, նույնիսկ 36 ստորագրություն չկարողացան հավաքել, որ իմպիչմենթի գործընթաց սկսեն: Բա խի՞ չեն սկսում իմպիչմենթի գործընթացը»,- ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե ասում են՝ գնդակը իշխանության դաշտում է, շանս են տալիս դարձի գալու, նա պատասխանեց. «Ես իրենց եմ շանս տալիս դարձի գալու, թող ապաշխարեն, թող գնան մոմ վառեն ու ապաշխարեն, ես էլ իրենց եմ այդ շանսը տալիս, հուսով եմ՝ կօգտվեն, չնայած խիստ կասկածում եմ: Այնուամենայնիվ, եթե գործընթաց են ուզում սկսել, իմպիչմենթի գործընթաց կա, 36 ստորագրություն են հավաքում, մուտք են անում Ազգային ժողով, էդ խի՞ չեն կարողանում հավաքել, իրենք չունեն 36 ստորագրություն»:
