Ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար անհասկանալի է ընդդիմադիրների գործողությունների տրամաբանությունը:

Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց նա՝ տարօրինակ համարելով, որ ընդդիմադիր խմբակցությունները եկել են ԱԺ նիստին, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ օրը հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին կարող են չթողնել աշխատանքի գնալ:

«Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը: Կարո՞ղ է պարզվի, որ դուք այսօր եկել եք ԱԺ, որովհետև, եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,– հարցրեց նա:

ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ Ազգային ժողովի խորհրդի նիստում, որում քննարկվել է ընդդիմության առաջարկը՝ իրենց առաջարկած արտահերթ նիստն ավելի շուտ անցկացնել, ինքը ընդդիմադիրներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ, այլ ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն ասել են, որ դա լրիվ այլ գործընթաց է:

Ռուբինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացած ուղերձում նշված չէ Վազգեն (Բագրատ) Գալստանյանիի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին: Ընդդիմադիրները կրկին ասել են, որ դա այլ գործընթաց է, ինչը ԱԺ փոխնախագահը շատ տարօրինակ համարեց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում