«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, նկատեց, որ իշխանությունը ցանկություն և միտում չունի միանալ ըննդիմության կողմից ներկայացված վարչապետի հրաժարականի ուղերձի նախագծին։
«Մենք չենք կիսում այն մոտեցումը, որը դուք ունեք։ Հասկանում եք՝ դուք 2020 թվականից ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կառավարությունը պետք է հեռանա, մենք ասում ենք՝ այդ օրակարգը չենք կիսում։ Հիմա եկել եք այստեղ, այդ 400-500 մարդուն պահում եք Բաղրամյան փողոցում ամենօրյա ռեժիմով, գալիս եք այստեղ ներկայացնում եք, թե մի կարևորագույն հարց եք բերել՝ այ էս իշխանությունը, այ որ մի բան էլ լինի, ամեն ինչ ստացվելու է։
Ի՞նչ է ստացվելու, պարոն Մինասյան, ի՞նչ է ստացվելու։ Հերիք չի՞ այդ ինքնախաբեությամբ զբաղվեք։ Մեզ ասում եք՝ ջրհեղեղ եք կազմակերպել, մեզ Պոսեյդոնի կամ Մովսեսի տեղն եք դնում, մեկ էլ ասում եք՝ ձեզ ստիպելու ենք, եթե Պոսեյդոնն ենք, ո՞նց եք ստիպելու, որ մենք ինչ-որ բան անենք։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ու չենք կիսելու ձեր օրակարգը, պարոն Մինասյան»,- նշեց նա։
Ապա Ալեքսանյանը հնչեցրեց ընդդիմադիրներին ուղղված կոչը.
«Այդ ցուցարարները մի շատ կարևոր սոցիալական հարց են բարձրացնում, ես էլ գիտեմ, որ ձեր խմբակցությունը շատ զգայուն է սոցիալական հարցերի նկատմամբ։
Ես լսել եմ այդ գաղտնալսումները։ Ցուցարարները բողոքում էին՝ բրինձների քանակից, որ իրենք էին ստանում ցույցերին մասնակցելու համար, պարոն Մինասյան։ Մեկը, մասնավորապես, ասում էր՝ մարդա հինգ բրինձ են տալիս մեկ օրվա մեջ։ Պարոն Մինասյան, վերանայեք դա, ով որ պայմանավորվում է մարդկանց այդ ցույցերին գնալու գների հետ կապված, այդ պարտավորությունները նորմալ կատարեք, ամեն դեպքում դա էլ է տղամարդկային, մարդկային հասարակ մոտեցում։ Մարդկանց հետ բան եք պայմանավորվել, ինչքան բրինձ, որ ասել եք կտաք մեկ օրվա համար, այդքան էլ տվեք»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
