Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Այն հեղինակել են ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:
Հիշեցնենք՝ ԱԺ-ից հայտնել էին, որ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, գումարվելու էր Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախագիծն էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը համաձայնություն չէր տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետից շուտ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությամբ սահմանված ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Վազգեն Գալստանյանն իր համակիրներին կոչ էր արել 4 օր, այսինքն՝ 96 ժամ, անդադար մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ այդ կերպ կհասնեն ցանկալի արդյունքի, այն է՝ իշխանափոխության:
Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը:
Այնուհետև պարզ դարձավ, որ իմպիչմենտ հայտնելու համար խորհրդարանական ընդդիմությունը չէր կարողացել համապատասխան թվով ձայներ հավաքել և Ազգային ժողովի օրակարգ էր տարել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ:
