Այո, ասել եմ 4 օր, հետո էլ կարող ա ևս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո էլ՝ մի տարի. Վազգեն Գալստանյան

«Դուք շատ հուզված եք այդ ժամկետներով»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Գալստանյանը՝ արձագանքելով հարցին, թե իր նշած ժամկետը՝ 4 օրը, փաստորեն լրանում է:

«Ժամկետը չի լրանում, մեր պայքարը անժամկետ է: Այո, ասել եմ՝ 4 օր, հետո էլ կարող ա ևս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո էլ՝ մի տարի ասեմ: Այս օրը չափազանց կարևոր օր է, և ես ասել եմ՝ համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, իր ընդվզումը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնել դա»,- ասաց Գալստանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Վազգեն Գալստանյանն իր համակիրներին կոչ էր արել 4 օր, այսինքն՝ 96 ժամ, անդադար մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ այդ կերպ կհասնեն ցանկալի արդյունքի, այն է՝ իշխանափոխության:

Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը: 

Այնուհետև պարզ դարձավ, որ իմպիչմենտ հայտնելու համար խորհրդարանական ընդդիմությունը չէր կարողացել համապատասխան թվով ձայներ հավաքել և Ազգային ժողովի օրակարգ էր տարել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ:

Կիսվել սոց․ ցանցերում