Հիմա դրսում ՀՀ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքի մոտ տեղի ունեցող իրադարձություններին, ոստիկանության՝ հատուկ միջոցներին դիմելու անհրաժեշտությանն ու սադրանքներին:
«Զանգահարեցի ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Բոլոր լուսանկարները կնայվեն, կուսումնասիրվեն, կքննվեն։ Եվ եթե պարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս բան է տեղի ունեցել, պետական ինստիտուտներն կարձագանքեն»,- նշել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի շենքի մոտ Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, ցուցարարները դարձել են անկառավարելի, նրանք շարունակաբար սադրում են ոստիկաններին, հրում ու քաշքշում նրանց, վիրավորանքներ հնչեցնում:
Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ: Ոստիկանությունը ստիպված է եղել դիմել հատուկ միջոցի՝ չնայած նախապես Գալստանյանին ու մյուսներին արված բազմաթիվ զգուշացումների:
