Խնդրում եմ եկեղեցին չդարձնեն քաղաքական կապիտալ, հետո էլ էդ կապիտալը տանեն դնեն Սերժ Սարգսյանի, Քոչարյանի առաջ․ Ռուբինյան

Եկեղեցուն ոչ ոք չի մեղադրել։ Մեղադրվել են անձամբ Վեհափառ հայրապետը և եկեղեցու ղեկավարության մի մասը այս ամենը կազմակերպելու մեջ և դա ակնհայտ է։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին:

«Երբ որ Գալստանյանը սկսեց այս շարժումը, նա հայտարարեց, որ դա անում է Վեհափառի օրհնությամբ։ Դա չհերքվեց Վեհափառի կողմից։ Հետագայում Գալստանյանը հայտարարեց, որ ինքը կհռչակվի վարչապետի թեկնածու, կրկին եթե ստանա Վեհափառի օրհնությունն ու թույտվությունը, սրան զուգահեռ Գերագույն հոգևոր խորհրդի մի քանի հայտարարություններ են եղել շարժմանն աջակցող և այսպես շարունակ։

Ես կարծում եմ, որ ունեմ պատճառներ ասելու համար, որ երեկվա իրադարձությունների գլխավոր պատասխանատուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն է, և եկեղեցու ղեկավարության այն հատվածը, որն իրեն աջակցում է»,- ասաց Ռուբինյանը։

Ըստ Ռուբինյանի, խնդիր չի տեսնում այն փաստում, որ Վեհափառը որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ Նա որպես քաղաքական գործիչ և իր եկեղեցական ղեկավարության աջակիցները, որոնք կիսում են կարծիքը, որպես քաղաքական գործիչներ կարող են ցանկացած հայտարարություն անել։

«Բայց ես խնդրում եմ իրենց, որպեսզի ՀԱԵ սուրբ եկեղեցին, որը վեր է ցանկացած անհատ եկեղեցականից,  չօգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար և եկեղեցին չփորձեն դարձնել իրենց քաղաքական կապիտալ, հետո էլ էդ կապիտալը տանեն դնեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առաջ։ Սա արդար չէ, չի բխում ոչ ոքի շահից, այդ թվում ՀԱԵ սուրբ եկեղեցու։

Ինչ վերաբերում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, որով Կառավարությանը հորդորում են զերծ մնալ բռնությունից, թշնամանք սերմանելուց և այլ, ես էլ ուզում եմ խոնարհաբար և որդիաբար հարգարժան եկեղեցականներին հորդորել, որպեսզի իրենք զերծ մնան ատելության խոսքի տարածումից, ոստիկաններին վիրավորելուց, զերծ մնան իրենց հետ անհամաձայն խմբերին պիտակավորելուց, և ամենակարևորը, զերծ մնան ոստիկանների և պետական շենքերի վրա հարձակումներ կազմակերպելուց»,- ասաց Ռուբինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 17-ը՝ ոստիկան:

Կիսվել սոց․ ցանցերում