Հայաստանի իշխանությունը տապալել ցանկացող արքեպիսկոպոսը

Բագրատ Գալստանյանը չորեքշաբթի փորձել է գրոհել Հայաստանի խորհրդարանը: Այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիբերալ կառավարության քաղաքական գործիչները կոչ են անում ձերբակալել նրան։

Ոստիկանները սպառնալից թափահարում են մահակները, ամբոխը սեղմվում է իրենց զանգվածային անկարգությունների կոչ անող պլակատների մոտ: Չորեքշաբթի երեկոյան ցուցարարները փորձել են ներխուժել Հայաստանի խորհրդարան։ Ծեծկռտուքի կենտրոնում մորուքավոր տղամարդ է՝ հոգևորականի սև հանդերձով։ Դա Բարգատ արքեպիսկոպոս Գալստանյանն է՝ բողոքի շարժման առաջնորդը, որը արդեն մեկ ամիս է՝ գրեթե ամեն օր բողոքում է Հայաստանի լիբերալ ​​իշխանության դեմ: Ոստիկաններն ի վերջո լուսաձայնային նռնակներ են արձակում ամբոխի մեջ։ Հայաստանի ՆԳՆ տվյալներով՝ ցույցը ցրելիս տուժել է 55 մարդ։ Ցուցարարը փորձել է հետ շպրտել լուսաձայնային նռնակը, սակայն արկը պայթել է նրա ձեռքում։ Նրա ձեռքը հետագայում անդամահատել են։

«Հետք» առցանց լրատվամիջոցի հայազգի լրագրող Սեմ Մարտիրոսյանը նշում է շուրջ 100 ձերբակալությունների մասին։ Սրանք ամենախոշոր փողոցային մարտերն են Հայաստանի ժողովրդավարության գոյության սկզբից ի վեր:

Անկարգություններից մի քանի ժամ առաջ մայրաքաղաք Երևանի փողոցներում հնչում էր «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված» լոզունգը։ Ցուցարարները երգում էին հատուկ իշխանության դեմ մեկ ամսից ավելի շարունակվող բողոքի ակցիաների համար գրված երգ։ Սա չորսօրյա անընդմեջ ցույցերի եզրափակիչն է, որի կոչով էր հանդես եկել Գալստանյանը անցած կիրակի։ Երգին ու թմբուկի զարկերին հաջորդում են «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։

«Նիկոլ» ասելով նկատի են ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գալստանյանի համար Հայաստանի պետության լիբերալ ղեկավարը պարտվողական է և թույլ։ Անցյալ տարի Ադրբեջանի անսպասելի հարձակվեց մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի վրա և գրավեց այն, որից հետո ՀՀ վարչապետը փորձում է կանխել նոր պատերազմը ռազմական առումով գերազանցող հարևանի հետ: Դա մասամբ ներառում է նաև շատ հայերի համար ցավալի զիջումներ:

Սահմանային զոհեր

Այդ զիջումներից մեկը. Հայաստանը վերագծում է Ադրբեջանի հետ սահմանը և տարածք հանձնում Ադրբեջանին՝ ներառյալ հյուսիսային Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հատվածները։ «Ոմանք կորցնում են իրենց տները կամ դաշտերը, Վրաստան տանող ճանապարհի որոշ հատվածներ նույնպես անցնում են Ադրբեջանին»,- ասում է հայ լրագրող Արշալույս Բարսեղյանը։ Կառավարության ծրագրերի դեմ սահմանին տեղի ունեցավ դիմադրություն. ապրիլին բնակիչները արգելափակել էին մայրուղին։ Այդ ժամանակ արդեն այնտեղ էր Գալստանյանը, որը որպես արքեպիսկոպոս ղեկավարում էր Տավուշի թեմը։ «Գալստանյանը համարվում է խարիզմատիկ և շփվող: Այլ հոգևորականներ սովորաբար իրենց հեռու են պահում. նա հանդիպում է մարդկանց ամեն օր»,- ասում է լրագրողը, որը ի սկզբանե հետևել է բողոքի ակցիաներին։ Հարգարժան հոգևորական գործիչը արագորեն  դառնում է «Տավուշյան ցույցեր» անվանումը կրած ցույցերի առաջնորդը։

Հոգևորականի սև պատմուճան հագած և վզին ոսկե խաչ կախած Գալստանյանն ի վերջո շարժվում է Երևան՝ գլխավորելով բողոքի երթը։ Հարյուրավոր հայեր էին հավաքվել այնտեղ։ Խորապես կրոնական Հայաստանի համար Գալստանյանի՝ որպես հոգևորականի  կարգավիճակը ձեռնտու էր նրան, սակայն արագ աճող զանգվածային շարժումը լցրեց քաղաքական վակուումը, ասում է հայաստանյան վերլուծաբան Բենիամին Պողոսյանը APRI Armenia ինստիտուտից. «Գալստանյանին օգնեց քաղաքական գործիչ չլինելու կարգավիճակը։

Քաղաքականության նկատմամբ վստահությունը զգալիորեն անկում է ապրել»։ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից հետո շատ հայեր իրենց զգում էին կորստի պարույրի մեջ: Պատասխանատվությունը կրում են քաղաքական գործիչները, հատկապես՝ վարչապետ Փաշինյանը:

Հիասթափությունը հանգեցրեց նրան, որ ավելի քան 30.000 հայեր՝ կովկասյան փոքր երկրի ընդհանուր բնակչության մեկ տոկոսից փոքր-ինչ ավելին, եկել էին Երևանում Գալստանյանի բողոքի երթի եզրափակիչ ցույցին: Արքեպիսկոպոսի հռետորաբանությունը փոխվեց, երբ ամբոխը մեծացավ. շուտով նա արդեն ոչ միայն կոչ էր անում վերջ տալ սահմանի վերագծմանը, այլ նաև Փաշինյանի հրաժարականի կոչ էր անում:

Մինչդեռ Գալստանյանը ժամանակին դրական խոսքեր է ասել Փաշինյանի բարեփոխումների ջատագով կառավարության հասցեին. 2019-ին արքեպիսկոպոսը, որն իրեն համարում է սահմանամերձ գյուղերի լոբբիստ, eurasianet առցանց հարթակին տված հարցազրույցում գովաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրաձգությունները նվազել են: Սակայն Գալստանյանն արմատական դարձավ, երբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տարածաշրջանի նկատմամբ կորցրեց վերահսկողությունը: Արքեպիսկոպոսը, որն իրեն պատարագի ժամանակ անվանում էր ռևանշիստ, այժմ հանդես է գալիս որպես ամուր ազգայնական: «Սա մեր սուրբ հողն է՝ մեր հայրենիքը, մենք չենք հանձնվելու»,- արդեն մեկ տարի առաջ ասել էր Գալստանյանը արտերկրի հոգևորականներին։

Կանադա. այրված երկիր

Ծնված լինելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իրանահայերի ընտանիքում՝ Գալստանյանը վաղ տարիքում ուսումնասիրել է աստվածաբանություն։

Դրան հետևել է նրա կտրուկ կարիերան Հայաստանի ազգային եկեղեցում՝ շնորհիվ առաջին հերթին Հայ եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի բարեհաճության: Գարեգին Բ-ն նրան դարձրել է իր օգնականը, իսկ 1997-ին նա մասնակցել է Գրացում կայացած Եվրոպական եկեղեցիների երկրորդ համաժողովին և վերջնարդյունքում ընտրվել է Կանադայի հայ եկեղեցու առաջնորդ։

 

Սակայն Մոնրեալում, Կանադայում, Գալստանյանի անցկացրած ժամանակը  մթագնվել է սկանդալներով: Նշվում է, որ 2013 թվականին ֆինանսական գործի շրջանակներում նա փորձել է գրավադրել տաճարը, որպեսզի համալրի եկեղեցու գանձարանը: Այնուհետև Գալստանյանը պարտվել է Կանադայի եկեղեցու առաջնորդի պաշտոնում վերընտրվելիս: Դրան հաջորդել է նրա կողմից կազմակերպված առցանց զրպարտչական արշավը ընտրական հանձնաժողովի դեմ, ինչին Կանադայի թեմը արձագանքել է երկար ու զայրացած հայտարարությամբ՝ նրան անվանելով «խուլիգան»: «Դուք կարող եք կա՛մ կիսել Գալստանյանի կարծիքը, կա՛մ նրա կողմից թշնամի համարվել»,- ասվում է տեքստում։ Գալստանյանին հետ են ուղարկել Հայաստան, որտեղ նրան շնորհվել է ավելի քիչ հեղինակավոր՝ սահմանամերձ Տավուշի մարզի արքեպիսկոպոսի պաշտոն։

Մոսկվայի մա՞րդն է

Մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության տարեդարձի տոնակատարությունը Հայաստանի Սարդարապատի հուշարձանի մոտ պետք է լիներ լուսավոր կետ Փաշինյանի կառավարման ոչ հեշտ ժամանակաշրջանում։ Սակայն վարչապետը ստիպված էր թաքնվել. Գալստանյանն ու նրա կողմնակիցները արգելափակել էին հուշարձանի վայրը։ Կառավարության ղեկավարը կարողացավ ներկայանալ միայն արքեպիսկոպոսի հեռանալուց հետո։

Գալստանյանի՝ իրավիճակի վատթարացման փորձերը գնալով տհաճ են դառնում, բայց տհաճ հոգևորականի նոր դաշինքն ավելի է անհանգստացնում վարչապետին:

«Մեծ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է»,- մայիսին հեռուստատեսությանը տված հարցազրույցում դառնորեն ասել էր վարչապետ Փաշինյանը։ Խոսքը Հայաստանի նախկին նախագահ և Փաշինյանի հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին բողոքի երթով իշխանությունից հեռացրեց Քոչարյանի ավտորիտար իշխող կուսակցությանը։

Այսօր Փաշինյանը բախվում է այն նույն մարտավարությանը, որը ժամանակին նրան բերել է իշխանության։ Հանրապետական ​​կուսակցության անդամները, որոնց վերահսկում է Քոչարյանը, այժմ ուղեկցում են Գալստանյանի յուրաքանչյուր ցույց։ «Ես չեմ տեսնում ժամանակի ավարտի խուճապ, բայց Փաշինյանի իշխանությունը նյարդայնանում է»,- կարծում է փորձագետ Պողոսյանը։

Գալստանյանի համար պայքարում են նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ծայրահեղ ազգայնականները՝ Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։ Ե՛վ նախկին վարչապետ Քոչարյանը, և՛ ՀՅԴ-ն գնալով այլևս չեն ցանկանում հավատարիմ մնալ ժողովրդավարական կանոններին։ «Հեղափոխության» ցանկությունը գերակշռել է ընդդիմության դիսկուրսում 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Հռետորական աջակցությունը գալիս է Մոսկվայից. Հայաստանի վաղեմի պաշտպան Ռուսաստանը Փաշինյանի՝ Արևմուտքի հետ աճող մերձեցումը դավաճանություն է համարում։ Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները չկարողացան կանխել այնտեղ ապրող հայերի արտաքսումը, Երևանի և Մոսկվայի միջև սկսվել է սառը ժամանակաշրջան: Մոսկվային հավատարիմ Քոչարյանն ու Ռուսաստանին բարեկամ Դաշնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար դիտվում են որպես պոտենցիալ փոխարինողներ: Սա կառավարության տարբերակն է: Ամեն դեպքում, Գալստանյանի մասին ռեպորտաժները ռուսական ԶԼՄ-ներում, ինչպիսին է Sputnik Արմենիան, բարեհաճ էին։ Բայց Կրեմլի կողմից ուղիղ աջակցություն չկա, ասում է Պողոսյանը. «Հայաստանի անվտանգության ծառայությունը՝ ԱԱԾ-ն, վերջերս իր հայտարարությամբ հասկացրեց, որ փաստացի ​​հիմք չի գտնվել «Ֆեյսբուքում» տարածված լուրերի վերաբերյալ առ այն, որ Գալստանյանը Մոսկվայից փող է ստանում»։

 

Եպիսկոպոս Գալստանյանը կդառնա անցումային կառավարության վարչապետ: Այս մասին նա պայմանավորվել է Քոչարյանի Հանրապետական ​​կուսակցության և ՀՅԴ-ի հետ։ Սակայն իմպիչմենթի գործընթացը, որին ձգտում է հասնել ընդդիմությունը, անհնարին է թվում. երկուշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու փորձը ԱԺ խորհրդի միջոցով անհաջողության մատնվեց: Հայաստանի ընդդիմությունն ունի խորհրդարանում մանդատների միայն մեկ երրորդը: «Ստիպված պետք է լինեք իշխող կուսակցության անդամներին պարտադրել անցնել մյուս կողմ»,- պարզաբանում է Պողոսյանը։ «Իրավական տեսանկյունից բողոքի ակցիաները փակուղի են մտել».

 

Ոստիկանական մահակ

 

Նրա դիմաց «խուլիգան» է կանգնած, բողոքում է Հայաստանի ոստիկանապետը հունիսի սկզբին գիշերային ցույցի ժամանակ։ Նրա զրուցակիցն է Բագրատ Գալստանյանը։

Արքեպիսկոպոսի կողմնակիցներով ու տեսախցիկներով շրջապատված ոստիկանապետը կոչ է անում վերջ տալ «սադրանքներին»։ Արքեպիսկոպոս Գալստանյանը զայրացած պատասխանում է մատը բարձրացրած:

Մի քանի ցուցարարներ արդեն ձերբակալվել են, իսկ ոստիկաններն արդեն մահակներով թմբկահարում են նրանց պլակատների վրա: Գալստանյանի բողոքի ակցիաները գնալով ավելի արմատական են դարձել։

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կասկածում է, որ Ռուսաստանի կողմից է կազմակերպված հեղաշրջման փորձը:

Գալստանյանի վրա հարձակումներն առավել ագրեսիվ են դառնում։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական գործիչները խորհրդարանում վիրավորել են արքեպիսկոպոսին՝ նրան անվանելով «ռուս լրտես» և «ֆաշիստ», ցույցի մասնակիցները բազմիցս հայտնվել են կանխարգելիչ կալանքի տակ, իսկ ՀՅԴ ներկայացուցիչը ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից հոսպիտալացման աստիճանի։

«Որևէ ոստիկան սրա համար չի դատապարտվել, ընդամենը մեկ ազատում է եղել»,- ասել է վերլուծաբան Պողոսյանը։ Միայն երեքշաբթի օրը Հայաստանի ԱԱԾ գաղտնի ծառայությունը ձերբակալել է Գալստանյանի մերձավորներից երկուսին։ Նշվում է, որ եղբայրները, որոնք Քենիայում հայտնի են որպես «Բլինգ Բլինգ եղբայրներ», 2000-ականներին եղել են Քենիայի կառավարության վարձկաններ և, ըստ կառավարության մեկնաբանության, կազմակերպված հանցավորության մեջ իրենց կապերը օգտագործել են Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու համար:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած փողոցային մարտերից հետո ավելի ու ավելի են հնչում Գալստանյանին ձերբակալելու կոչեր։ Նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից. «Քեզ չի փրկի անգամ քո կանադական քաղաքացիությունը, ստախոս հանցագործ»,- չորեքշաբթի Ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը։

 

Սակայն Գալստանյանն ազատության մեջ է. չորեքշաբթի երեկոյան նա այցելել է հիվանդանոցում գտնվող վիրավորված կողմնակիցներին։ Ակնկալվում է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն հինգշաբթի օրը։

Ռաֆայել Բոսնյակ, 12 հունիսի, 2024

Կիսվել սոց․ ցանցերում