Պատմաբան և հեղինակ, պրոֆեսոր Նեյլ Ֆերգյուսոնը վերջերս խոսում էր Պաղեստինի անկախության հնարավորության մասին(հղումը կդնեմ մեկնաբանություններում) ու շատ հետաքրքիր միտք արտահայտեց: Ասեց աշխարհում հարյուրավոր ազգեր են ապրում առանց անկախ պետականության, ինչպես օրինակ իր հայրենի շոտլանդացիները, պաղեստինցիներն էլ վերջին տասնամյակներում երկու անգամ շանս են ունեցել պետականություն ստեղծելու, երկու անգամն էլ պայթեցրել են այդ շանսը, և հիմա առնվազն տեսանելի ապագայում նոր շանս չեն ստանա և պետք է համակերպվեն ուրիշի պետության մեջ ապրելուն:
Դժբախտաբար, ես կարծում եմ սա վերաբերվում է նաև արցախցիներին: Անցած 30 տարիների ընթացքում մենք ունեինք այդ շանսը ստեղծելու անկախ պետականություն Արցախում: Դա շանս էր, որ ոչ միայն ձեռք էինք բերել հաղթական պատերազմի արդյունքում, այլև ստացել էինք միջազգային հանրության ընկալումը և իրավական հարթակի ապահովումը, ինչքան էլ ոմանք հիմա հակառակը պնդեն իրենց կատարած հանցագործությունները արդարացնելու համար: Բայց մենք էլ, պաղեստինցիների պես, ի չիք դարձրեցինք այդ շանսը:
Հիմա մենք գտնվում ենք մեկ այլ փուլում, որտեղ ևս պատմական շանս է ստեղծվել խաղաղություն ստեղծելու և դրա մասին շատ ուղիղ խոսում է ԱՄՆ փոխպետքարտուղարը իր հարզացրույցում, անվանելով »once in a generation» շանս:
Հիմա ժամանակն է, որ մենք չզրկվենք այս մի շանսից ևս և գնանք արագ կարգավորման: Իսկ արագ կարգավորման միակ ճանապարհը, որքան էլ տարօրինակ թվա վախից մթագնած ուղեղներին, որևէ նոր զիջման չգնալն ու Ադրբեջանի ցանկացած նոր պահանջ տեղում, կտրականապես և խորքից մերժելն է: Այդ մասին խոսում է նաև ԱՄՆ փոխպետքարտուղարը նշելով, որ նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի: Եվ ընդհանարապես, ես համոզմունք ունեմ, որ խաղաղության պայմանագիր վաղուց կնքված կլիներ, եթե Փաշինյանը այսքան հլու-հնազանդ պատրաստակամ չլիներ կատարելու բոլոր միակողմանի զիջումները և դրանով գրգռեր Ալիևի ախորժակը:
