Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը:
Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, երկար տարիներ (2009-2017) զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը: Այժմ «Վարդանանք» կրթահամալիրում խորհրդական է: «Վարդանանք» կրթահամալիր ՍՊԸ-ն 2022թ. հիմնել է ինքը՝ Գայանե Սողոմոնյանը: Նա է ընկերության միակ սեփականատերը, իսկ դուստրը՝ Շուշանիկ Զաքարյանը, ընկերության տնօրենն է:
Հարկադիր կատարման ակտերի ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ հատուկ նշանակության բաժինը հունիսի 12-ին արգելանք է դրել Գայանե Սողոմոնյանի՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ավանդով ներդրված ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով է արգելանք դրվել:
Իշխան Զաքարյանի որդին՝ Վարդան Զաքարյանը, ձեռնարկատեր է: Մի շարք ընկերություններում սեփականատեր է: Մասնավոարապես, նրան է պատկանում «Բամելեքս» ՍՊԸ-ն, որը, ըստ Պետեկամուտների կոմիտեի կայքում առկա տեղեկատվության, զբաղվում է կենցաղային ապրանքների մեծածախ առևտրով:
Վարդան Զաքարյանն այս ընկերության սեփականատերն է 2013թ. հոկտեմբերից: Ընկերությունը ստեղծվել է 2009թ-ին:
«ՎԻ ԱՐ ԷՆԵՐՋԻ ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ն նույնպես ստեղծել է Վարդան Զաքարյանը՝ 2015թ.: Նա է ընկերության միակ սեփականատերը: ՍՊԸ-ն զբաղվում է ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեությամբ` բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից:
«Հարվեստ» ՍՊԸ-ն 2016թ. փետրվարին ստեղծվել է Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացու կողմից: Սակայն, մոտ մեկ տարի անց ընկերության միակ սեփականատերը դարձել է Վարդան Զաքարյանը: ՍՊԸ-ն իրականացնում է մանրածախ առևտրային գործունեություն:
Ամբողջական նյութը՝
