Նախընտրական
Բնական է չէ՞, որ Հայաստանի հանրապետության պատմության ամենամեծ ընտրական կաշառատուն՝ ռուսական միլիարդատեր Ս. Կարապետյանը, նաև հայ եկեղեցու մեծագույն բարերար է և անձամբ կաթողիկոսի մեծ բարեկամ:
Վեջապես բռնեցին այդ ուժեղ «շուստրի»ին՝ Ա. Ալեքսանյանին: Չեմ զարմանա, եթե էս «խալոպից» փորձեն քաղբանտարկյալ սարքել. «շուստրի» իրավաբաններ ունեն, որոնց դեռ չեն ձերբակալել: Թվում է, թե այս ձերբակալությունը նշան է այն բանի, որ իշխանությունները կփորձեն այս ուղղությամբ ավելի հեռուն գնալ: Ազգային բարերարի զարմիկը իհարկե անձեռնմխելի է, նա պետք է շարունակի զառանցել Երևանում ադրբեջանական թատրոն բացելու և նման բաների մասին: Ներկայացումը պետք է շարունակվի մինչև վերջ: Բայց ենթադրում եմ, որ անհրաժեշտության դեպքում այս կուսակցությունը կարելի կլինի խաղից հանել ընտրություններից հետո. դրա համար լիքը նյութ կա հավաքված:
Ուզում եմ մի քանի բան ասել առաջիկա ընտրությունների վերաբերյալ իմ պատկերացումների մասին: Բայց նախ՝ մի քիչ նախապատմություն: Իմ քաղաքական ակտիվության վերջին շրջանը եղել է 2007-2008թթ. նախընտրական-հետընտրական ամիսներին, երբ նաև գրել եմ մի շարք հոդվածներ ընդդիմության օգտին, որի առաջնորդը Լ. Տեր-Պետրոսյանն էր՝ չնայած այն բանին, որ այդ մարդուն երբեք չեմ համակրել: Այդ հոդվածներից երկուսի հղումը կդնեմ մեկնաբանության մեջ, գուցե ոմանց հետաքրքրի:
2018-ի հեղափոխության հետ բացարձակապես ոչ մի կապ չեմ ունեցել, թեև «բացարձակապեսը» գուցե չափազանցություն է, քանի որ մասնակիցների թվում կային իմ բազմաթիվ նախկին ուսանողներ, բայց դե նախկին ուսանողների տարիների ընթացքում տեսել եմ ամենատարբեր քաղաքական ճամբարներում՝ ինձ համար թե ընդունելի, թե անընդունելի:
Ոչ մի իշխանությունից երբեք ոչինչ չեմ ակնկալել՝ պաշտոն, մրցանակ, կոչում, մեդալ, և չեմ ակնկալում: Ներկա իշխանության ժամանակ դարձել եմ թոշակառու, ստանում եմ համեստ թոշակ, որ հաստատում այն պարզ փաստը, որ հայրենիքին կամ իշխանություններին երբեք ոչ մի նշանակալի ծառայություն չեմ մատուցել:
Այս պարզաբանումներից հետո ուզում եմ ասել, թե ընտրության ինչ տարբերակներ եմ տեսնում հունիսի 7-ին: Նման բան անում եմ առաջին անգամ՝ հասկանալով առաջիկա ընտրությունների ճակատագրական նշանակությունը և մտածելով, որ գուցե իմ կարծիքը ոմանց կօգնի կողմորոշվել: Ինձ համար չափանիշը քաղաքակրթական նախապատվությունն է Եվրոպա/Ռուսաստան երկընտրանքի պայմաններում, հարցը, թե ովքեր կարող են Հայաստանը պահել դեպի ժողովրդավարություն, դեպի Եվրոպա տանող ճանապարհի վրա: Այս պահին, եթե այդպիսի գոնե փոքրիկ իրատեսական հույս կա, այն կապված է իշխող կուսակցության հետ՝ ինչքան և ինչպիսի լուրջ վերապահումներ էլ որ ունենամ նրա վերաբերյալ:
Կա ընտրության ուրիշ տարբերակ, որ այս օրերին կոչվում է ընդդիմափոխություն: Կարելի է ձայն տալ, օրինակ, «Հանուն հանրապետության» կուսակցությանը: Ցավոք Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված նախընտրական մշակույթի պայմաններում նրանց ձայնը կարծես դեռ հնչում է անսովոր և գուցե նույնիսկ անհասկանալի: Բայց գուցե և նրանքն կարողացել են հաղթահարել այդ դժվարությունը: Տեսնենք:
Ես պատրաստվում եմ ընտրել այս երկու տարբերակներից մեկը՝ կամ պահել իշխող ուժը, կամ փոխել ընդդիմությունը:
