ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբում վստահ չեն, որ սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ կկայանա։ Կողմերը վիճում են խոսափողի շահագործման կանոնների շուրջ:
Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թրամփի թիմին չի բավարարել Հարրիսի՝ բանավեճի մասնակիցների խոսափողները հանդիպման ողջ ընթացքում միացված թողնելու առաջարկը։ Հանրապետականները ցանկանում են պահպանել կանոնները, որոնք քննարկվել էին Ջո Բայդենի հետ Թրամփի առաջին բանավեճից առաջ:
Հարիսի թիմը խոսափողի կանոնները փոխելու խնդրանքով արդեն կապվել է ABC-ի հետ, որը կազմակերպելու է բանավեճը։ Դեմոկրատների կարծիքով՝ Թրամփի թիմը մտավախություն ունի, որ անընդհատ միացված խոսափողով նա չի կարողանա 90 րոպե իրեն պահել «ինչպես վայել է նախագահին»։
Թրամփի ներկայացուցիչներն իրենց հերթին խնդրել են Հարիսին «դադարեցնել խաղեր խաղալը» բանավեճից առաջ։
«Մենք պայմանավորվել ենք անցկացնել ABC-ի բանավեճը նույն պայմաններով, ինչ CNN-ի բանավեճը հունիսին»,- ասել է Թրամփի նախընտրական արշավի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը:
