Ճապոնիայում չկա Ուսուցչի օր
Մի անգամ հարցրեցի իմ ճապոնացի գործընկերոջը՝ Յամամոտո ուսուցչին. «Ե՞րբ եք Ճապոնիայում նշում Ուսուցչի տոնը, ինչպե՞ս եք տոնում»: Իմ հարցից նա շատ զարմացավ․«Մեզ մոտ ուսուցչի տոն չկա»: Չգիտեի՝ հավատալ նրան, թե ոչ: «Ինչպե՞ս կարող է երկիրը, որտեղ զարգացած են տնտեսությունը, գիտությունն ու տեխնիկան, այդքան անհարգալից վերաբերվել ուսուցչին, նրա աշխատանքին»,– մտածեցի ես:
Մի անգամ աշխատանքից հետո Յամամոտոն ինձ հրավիրեց իր տուն: Քանի որ նա ապրում էր դպրոցից հեռու, մենք մետրոյով գնացինք: Երեկոյան «պիկ ժամին» մետրոյի վագոնները գերլեցուն էին: Մի կերպ ներս խցկվելով՝ կանգնել էի՝ բռնակներից ամուր կառչած: Հանկարծ կողքիս նստած պապիկը ինձ զիջեց տեղը: Չհասկանալով տարեց մարդու կողմից այդպիսի հարգալից վերաբերմունքը, ես չէի կարողանում ընդունել նրա առաջարկը, բայց նա համառ էր, և ես ստիպված էի նստել: Մետրոյից դուրս գալուց հետո խնդրեցի Յամամոտոյին բացատրել ծերունու արարքը: Յամամոտոն ժպտաց և, ցույց տալով իմ կրծքանշանը, ասաց. «Ծերունին տեսավ քո ուսուցչի նշանը և ի նշան հարգանքի՝ զիջեց իր տեղը»:
Քանի որ առաջին անգամ էի գնում Յամամոտո ուսուցչի տուն հյուր, անհարմար էր դատարկ ձեռքով գնալը, և որոշեցի նվեր գնել: Այդ մասին ասացի Յամամոտոյին, նա աջակցեց ինձ և ասաց, որ ուսուցիչների համար խանութ կա, որտեղ կարելի է ապրանքներ գնել զեղչված գներով: Ես կրկին չկարողացա զսպել իմ զարմանքը. «Արտոնություններ տրամադրվում են միայն ուսուցիչների՞ն»,- հարցրեցի ես:
«Այո,– ասաց Յամամոտոն և շարունակեց.– Ճապոնիայում ուսուցիչը ամենահարգված մասնագիտությունն է, ամենահարգված մարդը: Ճապոնացի ձեռնարկատերերը շատ են ուրախանում, երբ իրենց խանութ են գալիս ուսուցիչներ, դա մեծ պատիվ են համարում իրենց համար»:
Ճապոնիայում գտնվելու ընթացքում բազմիցս տեսել եմ, թե ինչպես են ճապոնացիներն անսահման հարգում ուսուցիչներին: Մետրոյում նրանց համար առանձին տեղեր կան, նրանց համար բացված են առանձին խանութներ, ուսուցիչները չեն կանգնում հերթում՝ որևէ տեսակի տրանսպորտի տոմս գնելու համար: Ինչո՞ւ պետք է ճապոնացի ուսուցիչներին առանձին տոն լինի, երբ նրանց կյանքի յուրաքանչյուր օրը կարծես տոն է:
Պատմելով այս պատմությունը՝ ես ամբողջ սրտով ուզում եմ, որ մեր հասարակությունը նույնպես հասնի այդպիսի մակարդակի, այդպիսի վերաբերմունքի ուսուցչի հանդեպ, իսկ ուսուցիչները արժանի լինեն այդպիսի բարձր կոչման: Փոխանցեք այս ուղերձը ձեր բոլոր գործընկերներին: Թող մեր բոլորի կրծքում բաբախի հպարտությունը: Ուսուցիչ, քո անվան առաջ ես խոնարհվում եմ…
Ռուստամ Բիսենև
