ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։
💡Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։
⚖Նոր կարգավորման համաձայն՝ բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի (Սպառող, որը դիմում է միացման համար, նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը) սեփական միջոցներով։ Արդյունքում, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։
💡Գործնականում 6(10) կՎ լարմամբ սպառողների և բազմաբնակարան շենքերի համար կառուցվող էլեկտրական ենթակառուցվածքները հիմնականում նախատեսված են միայն տվյալ սպառողներին սպասարկելու համար և, որպես կանոն, հետագայում չեն օգտագործվում այլ նոր բաժանորդների միացման նպատակով։
⚖Փոփոխություններով նաև հստակեցվել են տեխնիկական պայմանների տրամադրման պայմանները, ինչպես նաև այն դեպքերը, երբ կառուցված բաշխման ցանցը ենթակա է հանձնման «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
⚖ Նոր կարգավորումներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ, որով սահմանվում են բաշխողի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Ընդհանուր առմամբ, փոփոխությունները միտված են միացման գործընթացի ազատականացմանը, վարչական ընթացակարգերի կրճատմանը և ոլորտում առավել արդյունավետ ու կանխատեսելի կարգավորումների ապահովմանը՝ պահպանելով սպառողների և բաշխողի իրավունքների ու պարտականությունների հավասարակշռությունը։
Կիսվել սոց․ ցանցերում