Աշխարհը համավարակային ներուժ ունեցող նոր շտամի ի հայտ գալու շեմին է, հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ղեկավարի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ վիրուսների այն շտամները, որոնք հանգեցնում են հիվանդացության աճի և հիվանդության ծանր ընթացքի, իսկ հետագայում կարող են համավարակ առաջացնել, ի հայտ են գալիս մոտավորապես յուրաքանչյուր տասը տարին մեկ։
«Մենք ապրում ենք նման շտամի ի հայտ գալու նախաշեմին», — ասել է Օնիշչենկոն։
Ավելի վաղ նա ենթադրել էր, որ նոր համավարակի հավանական պատճառը գրիպը կլինի։
Ավելի վաղ Համավարակներին պատրաստվածության մշտադիտարկման համաշխարհային խորհրդի մասնագետներն իրենց զեկույցում նշել էին, որ աշխարհում նոր համավարակի վտանգ կա, քանի որ վարակիչ հիվանդությունների բռնկումներն ավելի հաճախ են տեղի ունենում, իսկ դրանց պատճառած վնասը գնալով մեծանում է։
Գիտնականները հայտարարել են, որ համավարակներին պատրաստվածության ոլորտում արձանագրված բարելավումները չեզոքացվում են խորացող աշխարհաքաղաքական մասնատվածության և բնապահպանական ցնցումների աճող ազդեցությամբ։ Բացի այդ, նրանց խոսքով՝ աշխարհը «հետընթաց է ապրում» այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ախտորոշման միջոցների, պատվաստանյութերի և դեղամիջոցների հասանելիությունը։
Կորոնավիրուսի նախորդ համավարակը պաշտոնապես հայտարարվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2020 թվականի մարտին և տևել մինչև 2023 թվականի մայիսը։
