Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առանձնակի խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տանից գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության համայնքային բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում Աիդա Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տան բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն, տակնուվրա արել սենյակները և գողացել խոշոր չափի գումար և ոսկեղեն։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ գողը կամ գողերը մուտք են գործել Աիդա Բ․-ի երկհարկանի առանձնատան հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։
Իսկ տուժած Աիդա Բ.-ն աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։
