Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։
Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության մասնակիցները դիմել են փախուստի։
Ժամը 18։10-ին երեք երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
