Կոմպոզիտոր, ջազային երաժիշտ Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցները հարցաքննվել են:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առաջնային քննչական գործողությունները կատարվել են, միջադեպի մասնակիցները հարցաքննվել են։ Այս պահին դեռևս քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Անհայտ անձինք քարերով հարվածել էին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, որում եղել էր դաշնակահար Տիգրան Համասյանը:
Նշենք, որ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը համերգային խմբի վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում մանրամասն ներկայացվել էր կատարվածը:
