«Գերազանցիկ եմ սովորելու, դառնամ ոստիկան». Մարզահամերգային համալիրում առաջին դասարանցիները մուլտֆիմ են դիտել

Հանրապետության շուրջ 30 հազար առաջին դասարանցի այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մուտք գործեց կրթական հաստատություն:

Մանկապարտեզից հետո այժմ Երևանի նույն դպրոցներից մեկն են հաճախելու զույգ եղբայրներ Սարգիսը և Հակոբը, իսկ նրանց ընկեր Նարեկը՝ մեկ այլ դպրոց: Նրանք, սակայն, նոր ուսումնական տարվա առաջին օրը միասին եկել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողությանն ու մուլտֆիլմի դիտմանը:

Մինչ սիրելի զբաղմունքին՝ մուլտֆիլմ դիտելուն անցնելը, նրանք ոգևորված խոսում են «Հայկական ժամանակ»-ի հետ։ Վերջիններս միմյանց գրկում են, խնդրում իրենց լուսանկարել, հետո իրար հերթ չտալով՝ ոգևորությամբ պատմում են դպրոցական օրվա տպավորությունների մասին։

«Շատ ուրախ եմ, որ դպրոց եմ գնալու։ Դժվար չէ շուտ արթնանալը, պատրաստ եմ ամեն օր շուտ արթնանալ ու գնալ դպրոց։ Էսօր ալբոմում նկարել ենք դասարանում, ուսուցչիս անունը ընկեր Օֆելյա է։ Որ արդեն պետք է դուրս գայինք դպրոցից, ես ասացի, որ էլի եմ ուզում գնալ դպրոց, գերազանցիկ եմ սովորելու, որ դառնամ ինքնաթիռներ վերանորոգող»,- ասում է Հակոբ

Սարգիսն էլ, եղբորը շարունակելով, ավելացնում է․ «Նույն դասարանում ենք սովորելու։ Ես էլ ուզում եմ ինժեներ դառնալ»։

Նրանց է միանում Նարեկն ու հավելում, որ ինքն էլ ոստիկան է դառնալու․ «Հավանել եմ շատ դպրոցը, էսօր ուսուցչուհին մեզ գրքեր է նվիրել։ Լավ եմ սովորելու, որ գերազանցիկ լինեմ։ Արդեն նոր ընկերներիս հետ եմ ծանոթացել։ Դժվար չէ շուտ արթնանալը, էնքան եմ քնել, որ էլ չեմ կարողանա քնել»։

Երեք ընկերներից բացի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների շուրջ 500 երեխա էր ներկա Մարզահամերգային համալիրում հրավիրված միջոցառմանը, որը ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության միջոցով էր կազմակերպվել։

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Լրագրողների հետ զրույցում Սվաջյանը նկատում է՝ երեխաներին սպասվում է բազմազբաղ ու յուրօրինակ ուսումնական տարի․ «Առաջին դասարանցիների համար կյանքի նոր փուլ է սկսվելու, և այսօրվա միջոցառումն էլ նրանց բարի երթ մաղթելու ու հետաքրքիր ուսումնառություն մաղթելու նպատակով է կազմակերպվել։ Սա լավ սկիզբ կլինի ու դրական տպավորություններ նոր ուսումնական օրվա համար»։

Փոխնախարարի խոսքով՝ այն ուսումնական հաստատությունները, որտեղ այցելել է, տոնական տրամադրություն է եղել. դրական սպասումը ուսուցիչների շրջանում ճառագում է:

«Հետաքրքիր էր հետևել երեխաների էմոցիաների փոփոխությանը, ինչպես էին անհանգիստ մտնում դասարան, սակայն երկու րոպե անց նրանց աչքերը սկսում էին փայլել»,- ասում է նա:

Վերջինս առաջին դասարանցիներին մաղթեց բազմաբովանդակ ուսումնառություն։

Երեխաներին խոսքով դիմեց նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Նա նախ փորձեց հասկանալ, թե ինչպես է փոքրիկ դպրոցականների տրամադրությունը, հետո ներկայացավ․ «Ես քաղաքապետի տեղակալն եմ և զբաղվում եմ կրթության ոլորտով։ Ուզում եմ ձեզ ասել՝ ուրախ ենք, որ դուք դպրոցներ եք ընդունվել և ամեն ինչ անելու ենք, որ ձեր այս տարիները, որոնց ընթացքում դուք կրթություն եք ստանալու, ձեռք բերեք նոր ընկերներ, սիրահարվեք, ամեն ինչ անելու ենք, որ ձեր օրերը լավ անցնեն»։Միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները դիտեցին «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, որը, ԿԳՄՍ փոխնախարարի և փոխքաղաքապետի խոսքով, մոտիվացնելու է երեխաներին, ստիպելու, որ նրանք գնան իրենց նպատակների ետևից։

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում