«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկ մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք». քննարկում ԱԺ-ում

Երեկ մի տաքսիստ ասում էր, որ 50 տարեկան մեծ մարդ է, այդ հարկային գործիքակազմին չի կարող տիրապետել, որովհետև հեռախոսից չի կարողանում օգտվել:

Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով որոշմանը, համաձայն որի՝ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Նազարյանը հարցրել է, թե ի՞նչ են անելու մարդիկ, որոնք չեն կարողանում համակարգից կամ հեռախոսից օգտվել:

Հարակից զեկուցող պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքել է. «Աշխարհը գնում է էլեկտրոնային ծանուցումների, և քաղաքացիներն էլ նույնպես պետք է շահագրգռված լինեն: Հիմա այդպիսի մարդիկ չկան, որոնց տանը գոնե մեկ հատ սմարթֆոն չլինի, և որևէ մեկը չօգնի, չնայի: Տեսականորեն կհարցնի ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը կնայի ու կասի: Օրինակ՝ իմ հարևանը կասի՝ չի կարող, ես կնայեմ ու իրեն կասեմ: Բոլոր ծառայությունները մեծ մասամբ էլեկտրոնային են դառնում, ավելի հարմարավետ է մարդկանց էլեկտրոնային ծառայություններից օգտվելը:

Ես հասկանում եմ, որ մի տեղ մի մարդ կա, ասում է՝ ինձ հետաքրքիր չէ, թուղթը բերեք, տվեք, մի հատ էլ կարդացեք բարձրաձայն, ձեռքիցս էլ բռնած տարեք ընտրության: Այդպես չի լինի: Հետո, 50 տարեկանների մասին շատ վատ կարծիք ունեք, բոլորը երիտասարդ են և զարգացած: Ես կարծում եմ՝ դրանք լուծելի հարցեր են ու կրիտիկական չեն»:

Կիսվել սոց․ ցանցերում