Քաղաքագետ Արեգ Քոչինյանն այն համոզմանն է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված շահագրգիռ կողմերը, այլ կերպ ասած՝ «սեփականատերերը», բազմաթիվ են:
«Առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է որպես բացասական ուժ, որն անում է ամեն ինչ, որ կարգավորում տեղի չունենա: Ինչ-որ չափով նաև Իրանն է, Թուրքիան: Կան այլ գլոբալ խաղացողներ ևս, որոնք այստեղ ունեն իրենց դերակատարությունը՝ Միացյալ Նահանգները, նույնիսկ՝ Չինաստանը: Այս բոլոր ուժային կենտրոններն ունեն իրենց բավականին լուրջ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ցանկացած ճակատագրում. լինի՝ կարգավորում, թե հակառակը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Ըստ Քոչինյանի՝ սա բավականին լուրջ խնդիր է. «Այսինքն՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը եթե անգամ ունենան այդ կամքը ու ցանկությունը գնալու կարգավորման, վերոնշյալ հանգամանքը խոչընդոտ է»:
Վերջինս միաժամանակ նկատում է, որ աշխարհին ակնհայտ է՝ վերջին ամիսներին Հայաստանը հստակ ցուցաբերում է այդ քաղաքական կամքը՝ գնալու կարգավորման ուղղությամբ, անում է ամեն ինչ, որ ստորագրվի Խաղաղության պայմանագիրը:
«Ադրբեջանը չի անում, նրա համար դա քաղաքական առաջնահերթություն չէ, երկրորդը՝ Ադրբեջանը բազմաթիվ այլ հանգամանքների է հետահայաց նայում խաղաղության գործընթացում ՀՀ-ի հետ քայլերում, օրինակ՝ ՌԴ-ին և իր պարտավորություններին այդ երկրի առջև: Դրան զուգահեռ Ադրբեջանը փորձում է ժամանակի և տարածության մեջ ստանալ առավելագույն հնարավորը ՀՀ-ից կարգավորմանը նախորդող բանակցային գործընթացում: Առավելագույնը ստանալու ճանապարհին չեմ բացառում, որ նաև փորձի դիմել ուժի կիրառմանը»,- կարծիք է հայտնում Քոչինյանը:
Ըստ նրա՝ այժմ մի քանի գլոբալ գործընթաց կա, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու հայ-ադրբեջանական կարգավորման հարցի վրա. «Մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է և դրա վերջնարդյունքը, մյուսը ԱՄՆ նախագահական ընտրություններն են, և այն ադմինիստրացիան է, որը կձևավորվի այդ ընտրությունների արդյունքում: Երրորդը և չորրորդը՝ Իրանի քաղաքական դիրքորոշումն է մի շարք հարցերի շուրջ, օրինակ՝ «միջանցքային տրամաբանության» շուրջ, ինչպես նաև՝ Եվրոպական միության ցուցաբերած կամքը՝ հարատև ներկայություն ունենալու Հարավային Կովկասում՝ ի դեմս, դիցուք, դիտորդական առաքելության: Այս բոլոր հանգամանքներն ունենալու են բավականին լուրջ ազդեցություն կարգավորման գործընթացի վրա»:
Քոչինյանը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանը լուրջ սրացումների դժվար թե գնա՝ միաժամանակ չբացառելով դա:
Խոսելով Ադրբեջանի անվերջ թվացող պահանջների մասին՝ զրուցակիցն ասում է, որ դրանց հետ աշխատելու բաղադրատոմսը հետևյալն է. «Մի կողմից ավելացնել ՀՀ դիմադրողականությունը բոլոր ոլորտներում՝ սկսած ռազմաքաղաքականից, վերջացրած էներգետիկայով, երկրորդը՝ մեր գործընկերների հետ աշխատանքն է և նրանց հնարավորինս ներգրավումը, և վերջապես երրորդը՝ ընդհուպ մինչև պրոակտիվ քաղաքականություն վարելը պահանջների չեզոքացման ուղղությամբ: Օրինակ՝ շատ ճիշտ էր վարչապետի այն հայտարարությունը, որտեղ խոսվեց ադրբեջանական Սահմանադրության մեջ առկա պահանջների մասին: Ես կարծում եմ, որ սա բավականին ուշացած հայտարարություն էր: Այն կարող էր արվել շատ ավելի վաղ, նույնիսկ ավելի վաղ, քան Ադրբեջանը սկսեց խոսել ՀՀ Սահմանադրության մասին, քանի որ ՀՀ-ում այդ խոսակցությունների մասին տեղյակ էին նաև մինչև հրապարակային հայտարարությունները, կարելի էր դրան պրոակտիվ պատասխանել: Թերևս սա է «բաղադրատոմսը» Ադրբեջանի աճող պահանջների հետ»:
Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը ոչ մի դեպքում չի կարող ի նպաստ Հայաստանի լինել, անգամ Արևմուտքից օգնություն ստանալու համատեքստում:
«Մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես անել, որ Ադրբեջանը դառնա կառուցողական, որովհետև, ի վերջո, նպատակը պետք է լինի կարգավորումը, այլ ոչ թե Ադրբեջանի վատ իմիջը Արևմուտքում: Եվ երկրորդը՝ ինչ վերաբերում է Արևմուտքի աջակցությանը, ապա Արևմուտքը (կլինի ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն) բարեգործական ընկերություն չէ, որ պետք է մեզ համար բարեգործությամբ զբաղվի և մեր կարիքները հոգա: Մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք փոխշահավետ համագործակցության հնարավորությունների զարգացման վրա, և այդ ճանապարհին միանշանակ պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ»,- եզրափակում է քաղաքագետը:
