2025 թվականին արեգակնային առավելագույն ակտիվություն կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը` անդրադառնալով Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 12–ին Արեգակի վրա գրանցվել է վերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր` X բալի առաջին բռնկումը:
Այս բռնկումները Միքայելյանը չի կապում շոգ եղանակի հետ. դրանք ավելի շատ Արեգակի ակտիվության հետ են կապված։
«Արեգակի ակտիվությունն ունի 11 տարվա պարբերականություն։ 11 տարի անց մագնիսական բևեռները փոխվում են։ Հիմա մենք գնում ենք դեպի մաքսիմումը, ու այն տեղի կունենա 2025 թվականին։ Արեգակի մինիմում ակտիվությունը գրանցվել է 2019 թվականին։ Լինում են նաև առանձին փոքր փոփոխություններ, տատանումներ, աճեր ու նվազումներ։ Հասնում են պիկին ու էլի նվազում»,- ասաց նա։
