Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել էԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունն արգելող օրինագիծը։ Ոչ մի պատգամավոր դեմ չի քվեարկել:
Այս մասին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստառադիոընկերությունը։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Փաստաթուղթն արգելում է միասեռ զույգերին ամուսնանալ և երեխաներ որդեգրել։ Արգելվելու են նաև սեռափոխության գործողությունները և փաստաթղթերում «գենետիկից» այլ սեռի նշանակումը: Բացի այդ, օրենքն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, ինչպես նաև հանրահավաքներն ու հանդիպումները, որոնք ուղղված են այլ սեռի հետ նույնականացմանը, միասեռական հարաբերություններին և այլն:
Միաժամանակ խորհրդարանականներն ընդունել են այս նախաձեռնությամբ փաթեթում ընդգրկված այլ օրենքներ։ Մայիսի 17-ը՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրը, Վրաստանում կհայտարարվի Ընտանեկան սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օր։
Օրենքը ստորագրության կուղարկվի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։
