Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. վարորդի կինն ու երեխաները հիվանդանոցում են

Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Գայանե Ա.-ն, 10-ամյա Սվետլանա Պ.-ն և 8-ամյա Նարե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գայանե Ա.-ն՝ Գյումրու բժշկական կենտրոն, իսկ երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հիվանդանոցներից հայտնել են, որ վիրավորների կյանքի վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք վարորդի կինն ու երեխաներն են։

Կիսվել սոց․ ցանցերում