«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և դրանում հնչած առանձին հայտարարություններ։
Բացի այդ հաղորդման ձևաչափի խնդրահարույց լինելը, եթերների ժամանակ տարբեր հնարքների միջոցով Ղազարյանը պարբերաբար թույլ է տալիս մանիպուլյատիվ ու կեղծ պնդումներ, հանրային անձանց վերագրում խոսքեր, մտքեր, որոնք նրանք չեն հնչեցրել։
Սկզբնական շրջանում Ղազարյանի հաղորդումը մենախոսություն էր, նա ներկայանում էր որպես Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի «մշտական հյուր» ու հեռավար զրույց վարում նրա հետ։ Իր եթերներից մեկում նա բացատրում է, թե ինչու է ընտրել այդ տարբերակը․ ցանկացել է հյուրընկալվել Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, սակայն հրավեր այդպես էլ չի ստացել։
Այսպես, Էդգար Ղազարյանը մոնտաժի միջոցով անում է այնպես, թե ինքն իբր լսում է Պետրոս Ղազարյանի հարցերը՝ ուղղված նրա հյուրերին, ու ինքն էլ պատասխանում դրանց՝ յուրովի մեկնաբանելով հյուրի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ։
Բացի այդ, Էդգար Ղազարյանը մեջբերում է Պետրոս Ղազարյանի կամ նրա որևէ հյուրի խոսքից հատվածներ, որոնք հաճախ կոնտեքստից կտրված են լինում, ու դրանց հիման վրա կառուցում միտքը, ինչի արդյունքում ստացվում է մանիպուլյատիվ կամ կեղծ պնդում։ Նա չի թաքցնում դրանց մանիպուլյատիվ լինելու հնարավորությունը, քանի որ իր երկրորդ հաղորդման մեջ նշում է․ «Այս նախագծի շրջանակներում ընտրում ենք նրա (նկատի ունի Պետրոս Ղազարյանի-հեղ․) հարցազրույցները այլ գործիչների հետ և տալիս դրան մեզ համար նախընտրելի պատասխաններ»։
Ամբողջական նյութը՝
«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
