Կրեմլը «ճակատագրական սխալ» է անվանել Ուկրաինայի իշխանությունների այն կարծիքը, թե Ռուսաստանին կարելի է միայն «հարկադրել խաղաղություն»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում Վլադիմիր Զելենսկու ելույթը։
Սեպտեմբերի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի, այլ ոչ թե կասեցվի կամ սառեցվի, և Ռուսաստանին «կարելի է միայն հարկադրել խաղաղություն՝ որպես պատերազմի միակ ագրեսոր և ՄԱԿ-ի կանոնադրության միակ խախտող»:
«Դիրքորոշումը, որը հիմնված է Ռուսաստանին խաղաղություն հարկադրելու փորձի վրա, բացարձակ ճակատագրական սխալ է։ Որովհետև Ռուսաստանին անհնար է հարկադրել խաղաղություն,- Զելենսկու ելույթին արձագանքել է Դմիտրի Պեսկովը։- Ռուսաստանը խաղաղության կողմնակից է, բայց իր անվտանգության հիմքերն ապահովելու և հատուկ ռազմական գործողության առջև ծառացած խնդիրները կատարելու պայմանով։ Առանց այս նպատակներին հասնելու անհնար է Ռուսաստանին հարկադրել»։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումը «շատ խորը մոլորություն է, որն անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի ռեժիմի համար»։