Քոչարյանը արձագանքեց հարցին՝ միացե՞լ է Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նպատակով ստորագրահավաքին, թե՞ ոչ

Ազգային ժողովում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե խմբակցությունում արդյոք կա՞ն ներկուսակցական խնդիրներ, որովհետև մի մասը կողմ է Գրիգոր Մինասյանի հեռացմանը, մյուսները չեն ստորագրում:

Արձագանքելով Քոչարյանն ասաց, որ չկան. «Ըստ էության՝ հիմա կայացվում է պառլամենտական ժողովրդավարության իսկությունը, շատ լավ գործընթաց է: Պառլամենտ է՝ ժողովրդավարական, առաջնային մանդատ կրող շենք է Ազգային ժողովը, և այստեղ պատգամավորները կարող են իրենց տեսակետները հայտնել և ստանան պատասխաններ»:

Խոսելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքից՝ Քոչարյանն ասաց, որ հիմնական զեկուցողները լծված են եղել դժգոհությունների՝ փաստերը վեր հանելով ու ներկայացնելով. «Բայց որպեսզի դա ամբողջացվի, բնականաբար, տեղի է ունեցել ստորագրահավաք, ստորագրությունները արդեն ներկայացված են քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավարությանը, որպեսզի, ըստ ընթացակարգի, ընթանա գործընթացը»:

Հարցին, թե ինքը միացե՞լ է ստորագրահավաքին, Քոչարյանն արձագանքեց՝ երբ ցուցակը կհրապարակվի, կտեսնեն՝ ով է միացել, ով՝ ոչ:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել:

Կիսվել սոց․ ցանցերում