Ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանը, որը հայ եւ ֆրանսիացի ընթերցողներին հայտնի է իր ուրույն մտածելակերպով եւ գրչով, lragrogh.com -ին է ուղարկել իր հերթական հոդվածը

ՄՈՌԱՆԱԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Ի՞նչ է մնում հայերին կրկին մարդ լինելու համար։ Հայերը զրկվեցին մարդկային արժեքներից ցեղասպանության հետևանքով, այդ նույն ցեղասպանությունը մերժելու հետևանքով, այսօր նույնպես զրկված են մարդկային արժեքներից ցեղասպանության փոխակերպումների հետևանքով՝ սկսած իրենց նախնիների հողերը լքելու պահանջով։ Տեսեք՝ ինչպիսի խոհեմությամբ են նրանք պայքարում խորամանկության ու արհամարհանքի քաղաքականության դեմ։ Տեսեք՝ ինչպես են խարդավանքի նշանավոր վհուկները նրանց խաբեության մատնել՝ քաղցր խոսքեր շռայլելով։ Եվ տեսեք, թե ինչպես մարդու իրավունքների մեր մեծ քահանաները չեն զգում ոչ մի անհարմարություն՝ իրենց տնտեսական կրոնն արդարության գաղափարներից առաջ դասելով։

Միանշանակ կարելի է ընդունել, որ կովկասյան միգամածությունը <Գորդյան հանգույց> է, որում միախառնված են շահեր, հետին մտքեր, գաղափարախոսություններ, ռազմավարական ծրագրեր և այլն՝ հագուրդ տալով ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի ցանկություններին։ Ցանկությունները, անհամաձայնություններն ու թշնամանքը Հայաստանը մոտ և հեռավոր գիշատիչ երկրների համար խաղաղության խաչմերուկից վերածել են  պատերազմի դաշտի։ Եվ մեր փոքր ժողովրդավարությունն այլևս չի իմանում՝ ինչի վրա կենտրոնանա, այնքան որ դավաճանված է մի մասի կողմից, <նեցուկ> մյուսների կողմից՝ նույնքան ատելի, որքան և քննարկված։

Քիչ է ասելը, բայց մեր մասնագետ խորհրդատուները ոչ մի ամոթ չեն զգում՝ Փաշինյանի ուսերին ծանրացած պարտականությունների կշռին ավելացնելով իրենց ծաղրի կշիռը։ Այս կշռով նա ոչ միայն պարտական է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակին, այլ հատկապես այն վճռորոշ ընտրությանը, որ ստիպված է կայացնել սահմանների և հայերի կյանքի պահպանման միջև, փնտրվող դաշնակիցների և բացահայտվող դավաճանությունների միջև։ Հետևապես, ուզես, թե ոչ, Փաշինյանի՝ լավ, թե վատ ղեկավարման պահից հայոց գործերը երբևէ չեն եղել ավելի տեսանելի և լսելի՝ սկսած քաղաքներն ու գյուղերը միմյանց կապող փողոցների ավելացումից։ Այս իմաստով Փաշինյանը ներքին քննադատության, մոտալուտ պատերազմի և մշտական քաոսի համատեքստում անում է քայլեր՝ ավելի շատ պարտադրված արտաքին ճնշմամբ, քան միտված ավարտին հասցնելու ժողովրդավարական գործընթացը։ Մինչդեռ Քոչարյանի և Սարգսյանի վարչակարգերը  լսելի և տեսանելի էին  միայն կաշառակերությամբ և հայերի արտաքսմամբ։

Ուզեն, թե չուզեն, ընդհանուր առմամբ արևմտյան ժողովրդավար երկրներն այսուհետ Հայաստանին ճանաչում են որպես իր իրավունքները նվաճած երկիր։ Եվ դրանցից առաջինը խոսքի ազատությունն է, հատկապես, երբ դեռ երեկ այդ խոսքի ազատությանը հակադրված էր բռնակալությունը։

Եվ այսօր՝ մեր պատմության բարդ ժամանակաշրջանում, որ պահանջում է եռանդ և միասնականություն, բնականաբար ազգային միտքը կոչված է գերազանցելու հայրենասիրական կիրքը։ Ցավալի է արձանագրել, որ փոխակերպված լավատեսությունն իր դիրքն է զիջում վախին և թուլությանը։ Եվ թող անգամ գրողները, մտավորականներն ու այլոք նույնիսկ չհրավիրեն անձանց համախմբվելու տարածվող բռնապետության դեմ, որոնք իրենց շահն են առաջ մղում՝ մինչև իսկ ստորացնելով մեզանից յուրաքանչյուրին։ Ցավալի է, որ հայերը,  ինչպես ազատությունից  հղփացած երեխաներ, ի վերջո փչացնում են ազատությունը, որից օգտվում են։ Եվ այս պարագայում ճիշտ է, որ ազատության մեջ  ապրող մարդը պակաս ունակ է որպես անհրաժեշտություն ընդունելու այն օղակները, որոնցով օժտված է։

Պետք է կույր լինել՝ չընդունելու համար մի ազգի արժանիքները, որը պաշտպանում է իր ժողովրդավար կղզյակն իրեն շրջափակող տոտալիտար օվկիանոսի հալածանքներից։ Իսկ այն հայերը, ովքեր խոսքի ազատության ներքո կարծում են, թե այս փոթորկոտ եղանակին զբաղված են կառուցողական քննադատությամբ, իրականում ինքնաքայքայման պարագայում թուլացնում են անկախության քաղաքականության շինությունը, որը դեռ պետք է ամրացնել։

Ի՞նչ է մնում հայերին, որ դեռ չեն խլել։ Իրենց եռանդուն քրիստոնեությունից ժառանգած գթասիրտ մարդասիրությու՞ն, որը, հաշվի չառնելով կարծրախտավորներին, վրեժխնդիրներին ու այլ ֆանատիկներին, իր բնական ուղին է գտնում իրավունքի և արդարության նվաճմանը ձգտող  ժողովրդավարության մեջ։ Քանզի նման լուսավոր ու արյունալի պատմությամբ հայերը չունեին այլ տարբերակ, քան պատկանել առաջադեմ պետություններին, որոնք իրենց սկզբունքներում ավելի շատ կարևորում են հարաբերությունների բարոյախոսությունը, քան ուժի և հպարտության գաղափարախոսությունը։

Հայերն այսօր առերեսվում  են  ցեղասպանության պարադոքսին։ Մի կողմից անհրաժեշտ է հիշել իրենց՝ բավականին երկարատև աղետը, ինչին նրանց պարտավորեցնում է ժխտողականությունը, զոհերի զավակները կանգնած են իրենց պատմության կողմից կաթվածահար լինելու վտանգի առաջ, կարծես անցյալը խժռում է խորքային ներկան, ինչպես և քաղաքական ժամանակը։ Ուզես, թե չուզես, 1915 թվականից ի վեր հայերը փայփայում են մահացածների կուռքը, ինչը սերտանում է մահվան մշակույթի հետ։ Իսկ մյուս կողմից, շնորհիվ իրենց հիշատակումների, այդ նույն զավակները հոգեպես վնասված հիշողության միջոցով խորը նողկանք են ապրում ցեղասպանության <գաղափարի> նկատմամբ։ Մի խոսքով, ցեղասպանության հիշողությունը հայերին պարտադրում է այն դարձնել թանկարժեք սեփականություն իրենց ազգային բարոյագիտության համար։ Քանզի ցեղասպանությունն արժեք ունի միայն իր մոխիրներից վեր հառնելու ցանկության բացակայությամբ։ Եթե թշնամիդ քեզ դրդում է այն նույն դաժանության, ինչ ինքն է անում, դրանով նա նվազեցնում է քո մարդկայնությունը։ Իսկ ցանկացած իրեն հարգող հայի համար օտարը, ով էլ լինի, նախ և առաջ մարդկային արարած է։ Ահա, թե ինչ է իրենից ներկայացնում մեր գթասրտությունը։ Եթե ցեղասպանությունը դեռևս ուրիշների ֆաշիզմն է, այնուամենայնիվ,  այն օրինակ է, որին պետք չէ հետևել։ Ցեղասպանության հիշողությունը մեր համար անտիֆաշիզմ է։ Այդ իմաստով հայերի պարտքն է շարունակ դրան անդրադառնալ՝ ոչ միայն պահանջելով հատուցում, այլև վճռականորեն դեմ կանգնելով ամենաարխայիկ բնազդների հետևորդներին, որպեսզի ոչ պակաս վճռականորեն մարդկությանն ուղղորդեն դեպի մի աշխարհ, որն ամեն խաղաղասեր մարդ համարում է իր երազանքներինը։

Ցավալի է փաստել, որ ցեղասպանության մոռացությունն ու այն հիշելու պարտքի թուլությունն ավելի ու ավելի են պատում հայերին։ Ափսոս, որ ցեղասպանության մարդասիրական կոչումը չի դառնում յուրաքանչյուր երիտասարդ հայի անձնային  կոչում, աշխարհի որ ծայրում էլ գտնվի։ Մեր երիտասարդ սերունդը լուծում է իր հայկականությունը անորոշ հանձնառությունների միջոցով, այն ժամանակ, երբ ցեղասպանության վնասված հիշողությունը մարդկանց համաշխարհային գիտակցումի  կոչ է անում։

 

Դընի Դոնիկյան

Թարգմանությունը՝  Տաթևիկ Թանգյանի

 

 

Կիսվել սոց․ ցանցերում