50․000 դրամ, և մգացված ապակիները թույլատրելի՞ կլինեն

«Տեղեկություններ կան, որ 2025 թվականի հունվարի 1-ից մգացված ապակիները կլինեն վճարովի։ Ովքեր ցանկանում են մգացված ապակիներով երթևեկել, տեխզննումն անցնելիս նաև այդ գումարը՝ 50․000 դրամը, պետք է վճարեն, որ 1 տարով ունենան թույլտվություն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին ավտոապակիների մգացման կենտրոնների աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ խոսակցությունները մոտ 1 ամիս է, որ շրջանառվում են, ավելին՝ մասնագիտացված խանութներն արդեն համապատասխան նյութեր են ներկրում։

Oragir.News-ը ՆԳՆ լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք նման բան հնարավո՞ր է, կա՞ն արդյոք նման քննարկումներ։

«Դա ենթադրում է, որ նախ օրենքում պետք է փոփոխություն լինի, ուստի՝ խնդրում ենք դիմել Ազգային ժողով։ Կարող եք նաև գրավոր հարցում ուղարկել ՆԳՆ։ Մենք կճշտենք, թե հարցը ո՞ր ստորաբաժանման տիրությում է, և կպատասխանենք, թե այս պահին նման քննարկում կա՞ ՆԳՆ-ում, թե՞ ոչ»,- պատասխանեցին ՆԳՆ-ից։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ պարզելու, թե արդյոք նման քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ, սակայն որևէ մեկը հեռախոսազանգերին չպատասխանեց։

 

Կիսվել սոց․ ցանցերում