2022 թվականի փետրվարին վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, որ «միջազգային հանրությունը» հորդորում է մի փոքր իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում եւ այդ դեպքում Հայաստանը կստանա իրենց լայն աջակցությունը:
Հայաստանը փորձում է դիմադրել, եւ ավելին՝ 2022-ի օգոստոսին հավանության է արժանացնում կարգավիճակի հարցն անորոշ ապագային թողնելու ռուսական առաջարկը, որը Ադրբեջանը մերժում է: Սեպտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի է ունենում Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որի ընթացքում Միշելը ներկայացնում է ըստ էության «վերաինտեգրացիայի» բովանդակություն, ինչը Երեւանը բնականաբար չի ընդունում:
Երկու շաբաթ անց տեղի է ունենում գրոհը Ջերմուկի ուղղությամբ, որից երեք շաբաթ անց՝ Պրահան, արդեն հայտնի «օրակարգով»:
Երեկ ԱԺ նախագահը հայտարարում է, թե Հայաստանը մենակ է իր խնդիրներով: Հարց է առաջանում, իսկ ու՞ր մնաց «նշաձողն» իջեցնելու դիմաց «միջազգային հանրության» լայն աջակցությունը: Հայաստանը հայտնվեց «թակարդու՞մ», «խաբվե՞ց», «սխալվե՞ց»: Թե՞ բոլորը միաժամանակ:
Ըստ իս, իշխանության փոփոխությունը Արցախում այն նեղ «անցքն» է, որի միջով հնարավոր է «թելել» այդ հնարավոր սխալի կամ թակարդի հետեւանքի հաղթահարման հեռանկարի թելը: Իհարկե դա դեռ պետք է կարողանալ: Արցախյան այդ փոփոխությունների վերաբերյալ հիմնական տարածված կարծիքներն ու գնահատականները հայտնի են, եւ դրանցում ունեմ թե համաձայնության կետեր, թե ավելի շատ անհամաձայնության: Գուցե առաջիկայում կարծիքս կարտահայտեմ ավելի մանրամասն: Ցավոք, այսօր մենք չունենք գործիքակազմի ավելի լայն հնարավորություն:
Խաղի տարածությունն առավել լայն կարող էր լինել, եթե Հայաստանում լիներ լեգիտիմ իշխանափոխության հնարավորություն: Այսօր դա չկա, չկա դրա ներքին ձեւավորման իրատեսական մոտալուտ հնարավորություն, եւ չկա արտաքին պահանջվածություն:
Սոթքի սադրանքը, որը ըստ էության ամենախոշորն է 2022-ի սեպտեմբերից ի վեր, իր մի քանի մոտիվների շարքում թերեւս ուներ նաեւ Արցախում կատարվող փոփոխությունների համար Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու մոտիվ: Նաեւ այդտեղ է պետք փնտրել թերեւս ադրբեջանական սադրանքի եւ Շարլ Միշելի խոսնակի հայտնի հայտարարության «սինքրոնությունը»:
Աղբյուրը՝
