Օրերս ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից <ՌԻԱ Նովոստի> գործակալության պատրաստած ֆոտոռեպորտաժը մեծ աղմուկ էր բարձրացրել հայկական համացանցային շրջանակներում, քանի որ գործակալության լրագրողը վերջնական ռեպորտաժում ներառել էր երկրի ղեկավարի պաշտոնական էթիկային չհամապատասխանող, անպարկեշտ եւ անտեղի երկու լուսանկար: Դրանցից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոնարհվել էր Ադրբեջանի դրոշի առջեւ, իսկ մյուսում Իլհամ Ալիեւի հայացքի ներքո ուղղում էր տաբատը:
Ռեպորտաժում կային ԱՊՀ ղեկավարների շուրջ 200 լուսանկար, բազմաթիվ ուշագրավ կադրեր, սակայն միայն Նիկոլ Փաշինյանից էին ներառվել նման անհարմար կադրեր:
Ավելի ուշ գործակալությունն իր պատրաստած ֆոտոռեպորտաժից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանի անհաջող լուսանկարները:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դա զուգադիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության հետ, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով:
<Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե> ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը lragrogh.com-ի հետ զրույցում նշեց, որ տեղի է ունենում տեղեկատվական պատերազմ, եւ այդ պատերազմում Հայաստանը թիրախ է եւ’ ՌԴ-ի համար, եւ’ Ադրբեջանի համար, եւ’ մի շարք այլ երկրների: Ըստ նրա` մեր հասարակությունը պետք է բավարար իմունիտետ ձեռք բերած լինի նման ապատեղեկատվության եւ ինֆորմացիոն սադրանքների հանդեպ:
Մեր զրուցակցի կարծիքով` պետք է ԶԼՄ-ները, լրագրողական կազմակերպություններն աշխատեն հասարակության մեդիա գրագիտությունը զարգացնելու ուղղությամբ:
<Իհարկե, կան դրական միտումներ: Մարդիկ փորձում են լուրը մի քանի աղբյուրներից ճշտել, բայց դա դեռ բավարար չէ, պետք է շարունակել կրթել հասարակությանը, որպեսզի կարողանա դիմադրել ինֆորմացիոն ինտերվենցիաներին: Կարծում եմ, որ մեծ նշանակություն ունի նաեւ հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պետք է օբյեկտիվ տեղեկատվությամբ հերքեն եւ զրոյացնեն նման լուրերի ազդեցությունը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ մեր ԶԼՄ-ներից ոմանք մեծ հաճույքով չարախնդում են եւ օգտագործում այդ տեղեկատվությունը, ինչը շատ մտահոգիչ է: Կարծում եմ, որ դա ո’չ առաջին, ո’չ էլ երկրորդ դեպքն է: Պետք է ուղղակի կրթել հասարակությանը, որպեսզի արժանի հակահարված տա նման ինտերվենցիաներին>,- նշեց Աշոտ Մելիքյանը:

