Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտալուտ հրաժարականի մասին՝ իմպիչմենտի միջոցով:
Ըստ վարչապետի, նախագահը, խախտելով սահմանադրությունը, ակտիվորեն բանակցում է ընդդիմության հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «տեխնիկական կառավարություն» ստեղծելու համար:
«Մեկ ամսից մենք նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմփիչմենտի միջոցով։ Մնացած ոչինչ կապ չունի»,- ասել է նա:
Ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ ընդդեմ նախագահի՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի համար, ինչը հիմնական օրենքի խախտում է։ Անցյալ տարի Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականին հասնելու փորձը ձախողվել էր. դրա համար անհրաժեշտ էր 150 մանդատից 100-ը,սակայն հավաքվել էր ընդամենը 84։
Իշխող կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին կստանա ձայների առնվազն 60 տոկոսը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ։ Իսկ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Զուրաբիշվիլին կարող է իմփիչմենտի ենթարկել։
Զուրաբիշվիլին ուղղակիորեն ընտրվել է «Վրացական երազանքի» աջակցությամբ 2018 թվականին, իսկ նրա մանդատը այպես թե այնպես ավարտվում է դեկտեմբերին։ Իմպիչմենտը, եթե ընդունվի, խորհրդանշական նշանակություն կունենա՝ որպես Սահմանադրության խախտումների կանխարգելում։
Այժմ Վրաստանում նախագահը կընտրվի ընտրական կոլեգիայի կողմից. նրանք 150 պատգամավոր և տեղական իշխանությունների 150 ներկայացուցիչ են, որոնք մանդատներ են ստացել 2021 թվականի մունիցիպալ ընտրություններում՝ «Վրացական երազանքի» ճնշող առավելությամբ։ Այսպիսով, Զուրաբիշվիլիի վերադարձը նախագահի պաշտոնին գործնականում բացառված է։
