Apple-ը ցանկացողներին հրավիրել է ուսումնասիրելու իր Private Cloud Compute (PCC) համակարգի հուսալիությունը, որը նախատեսված է արհեստական բանականությամբ գործող (ԱԲ) Apple Intelligence-ին տրվող ռեսուրսատար առաջադրանքների իրականացման համար: Ընկերությունը պատրաստ է մինչև 1 մլն դոլար վճարել իր այս ենթակառուցվածքում խոցելիություն հայտնաբերելու համար։
Apple-ը բազմիցս ընդգծել է, որ Apple Intelligence-ի ԱԲ բազմաթիվ գործառույթներ աշխատում են լոկալ՝ օգտատիրոջ համակարգչում, iPhone-ում կամ այն սարքում, որից օգտվում է: Սակայն ավելի բարդ հարցումները, այդուհանդերձ, դեռ ուղարկվում են PCC սերվերներին, որոնք կառուցված են Apple Silicon չիպերի վրա և աշխատում են նոր օպերացիոն համակարգով:
ԱԲ հավելվածների շատ մշակողներ առաջարկում են հարցումների մշակումն անել ամպային ենթակառուցվածքում, սակայն օգտվողներին հնարավորություն չեն տալիս գնահատելու, թե որքանով են ապահով ամպային այդ գործողությունները: Apple-ը, որն ավանդաբար օգտատերերի գաղտնիությունը հայտարարել է որպես առաջնահերթություն, անկախ փորձագետներին կոչ է արել ինքնուրույն ստուգել իր համակարգերի անվտանգությունը։
Դրա համար ընկերությունն առաջարկել է.
- Անվտանգության ձեռնարկ PCC-ի շահագործման տեխնիկական մանրամասներով,
- «Վիրտուալ հետազոտական միջավայր» (Virtual Research Environment), որը թույլ է տալիս PCC-ի վերլուծություն իրականացնել համակարգչի վրա։ Սրա համար հարկավոր կլինի Mac Apple Silicon չիպով, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և վերջին macOS Sequoia 15.1 Developer Preview-ով,
- GitHub-ում հրապարակված կոդ՝ նախատեսված «որոշ հիմնական PCC բաղադրիչների համար, որոնք օգնում են իրականացնել անվտանգության և գաղտնիության պահանջները»:
Խոցելիությունների որոնման ծրագրի (bug bounty) շրջանակում Apple-ն առաջարկում է 50,000 դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևներ՝ իր արտադրանքում հայտնաբերված սխալների համար: Սպասվում է, որ iOS 18.1 օպերացիոն համակարգը կթողարկվի հաջորդ շաբաթ, որը կներկայացնի Apple Intelligence-ի առաջին գործառույթները: Երեկ թողարկվել է iOS 18.2-ի բետա տարբերակը, որը նախատեսված է մշակողների համար։
